Գառնիկ Դանիելյան. «Եթե բանակում զոհերի հանգամանքները հանրությանը չեն տեղեկացնում, ես իրավունք ունե՞մ կասկածելու, որ դիվերսիա է տեղի ունեցել»

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով խաղաղության պայմաններում հայոց բանակում հերթական զոհի մասին լուրին՝ ցավակցություն հայտնեց նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին։ «Մենք արդեն գրեթե ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, թե բանակում ինչ է կատարվում այն պարագայում, որ շոուներ են բեմադրում, գնում են զորամասեր, ռիլեր են նկարում, թե ինչ-որ մեկը վազելով գալիս է, «սպարապետին» պատվի է առնում, ինքն էլ գնում, բորշչ է ուտում, ճաշերից օգտվում։ Իբրեւ թե տեսեք՝ 80-ականների էջը փակել ենք, հիմա նոր սպառազինություններ են, նոր համազգեստ ենք հագցնում։ Բայց բանակում խայտառակ վիճակ է տիրում, խայտառակ բարքեր են։ Մի մասի միջանձնային հարաբերությունների արդյունքում ունենում ենք անդառնալի հետեւանքներ, մի մասն էլ զոհվում է կասկածելի հանգամանքներում։

Սիրելի հայրենակիցներ, եթե այդ հանգամանքները մեզ չեն բացատրում, չեն ասում, հանրությանը չեն տեղեկացնում, ես իրավունք ունե՞մ կասկածելու, որ դիվերսիա է տեղի ունեցել։ Ու կես ժամ անց Նիկոլ Փաշինյանն արդեն այդ գործերի վրա կնիքը դրած է լինում։ Չկա քրեական մի գործ, որ այդ մարդը հաջորդ օրն արդեն կառավարության նիստում իր եզրակացությունը տված չլինի։ Ու որեւէ քննիչ թող փորձի Նիկոլ Փաշինյանի որոշմանը հակառակ որոշում կայացնել։ Այդ մարդն ասել է, չէ՞, որ ուզում է պետական ապարատում մի մարդու գտնի, որն իրեն հակառակ կարծիք է արտահայտել։

Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ո՞վ է։ Այդ մարդն ասում է, թե արդեն խաղաղ եք ու հանգիստ եք։ Բայց ոչ խաղաղ ենք, ոչ էլ հանգիստ ենք։ Ոչ էլ հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Մենք իրավունք ունենք կասկածելու, որ այս բոլոր գործերը ծածկադմփոց են արվում»,-ասաց նախկին պատգամավորը։

Նա նաեւ անդրադարձավ բանակում, սահմանին զոհերի մասին իշխանության այն մեկնաբանություններին, թե դրանք քնելու պատճառով միմյանց միջեւ «ռազբորկաների» արդյունք են։ «Բարձրաստիճան պաշտոնյա կոչվածներ, բա դուք որտե՞ղ եք վեր ընկած, որ խոստովանում եք, որ բանակում միջանձնային շատ վատ հարաբերություններ են։ Բա այդտեղ սպայական կազմն ո՞ւր է, կա՞ սպայական կազմ, թե զինվորներն իրենք են որոշում՝ ով պիտի քանի, պատիժն իրենք են նշանակում։ Ու այդպես խեղվում են մարդկանց ճակատագրեր, ընտանիքների լույսեր են մարում։

Այնքան ամենաթողություն է մեր համապատասխան կառույցներում, որ շրջանցելով ինստանցիաները, գալիս, խորանում են տասնյակ կիլոմետրեր։ Շաքեցի կինը հերոսաբար պաշտպանել է թե՛ իր ընտանիքը, թե՛ մեր արժանապատվությունը։ Բայց սա նեղվել է դրանից, թե մի կինը ո՞նց կարող է հայի արժանապատվությունը պահել»-ասաց Գառնիկ Դանիելյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment