«Թմրամիջոցները դպրոցներում վխտում են» թեզը նախարարը հերքել է վիճակագրությամբ

2025-ի տվյալներով անչափահասների շրջանում թմրանյութերի օգտագործման վեց դեպք է բացահայտվել։ Այս մասին փետրվարի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ արձանագրելով, որ անչափահասների շրջանում թմրամիջոցների զանգվածային օգտագործման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ 

Նախարարը նշեց, որ չնայած անցած տարի բազմաթիվ էին խոսակցություններն այն մասին, թե թմրամիջոցները «վխտում են» դպրոցներում, վիճակագրական պատկերն այլ բան է փաստում։ 

«Մենք մարտավարական փոփոխություն ենք իրականացրել ու ուսումնասիրել ենք նաև համացանցում այս մասով գրառումները:  Հետևողականորեն յուրաքանչյուր հաղորդման հետևից գնացել ենք և գրառման հեղինակին խնդրել ենք տվյալներ տալ, թե որ դպրոցի մասին է խոսքը: Արդյունքում մենք ունենք զրո հաղորդում և ունենք զրո տվյալի փոխանցում այս գրառումների համատեքստում»,- ասաց նախարարը:

Ըստ Արփինե Սարգսյանի՝ մարդիկ իներցիայով անընդհատ նույն թեմաներն են քննարկում՝ չհասկանալով, որ սրանով փորձում են պիտակավորել մի սերնդի, որն ընդհանրապես այդ պիտակավորման հետ կապ չունի։ 

«Այո՛, կան դեպքեր, ու դեպքերի հետևից պետք է գնալ։ Ընդ որում՝ կա դեպք, երբ անչափահասին վերագրվել է թմրամիջոցի օգտագործում, բայց հետո քրեական վարույթով այդ տվյալը հերքվել է, սակայն համայնքում երեխան մնում է այն խոսակցությունների ֆոնի վրա, թե ինքը թմրամիջոց օգտագործող անձ է։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս զգույշ լինենք մեր խոսույթի օգտագործման հարցում, հատկապես երբ խոսում ենք անչափահասների մասին»։

The post «Թմրամիջոցները դպրոցներում վխտում են» թեզը նախարարը հերքել է վիճակագրությամբ appeared first on CIVILNET.

Leave a comment