Ամուլսարի շահագործման դեմ ժամանակին պայքարած տարբեր ակտիվիստներ, հիշելով ծանր պայքարի տարիները, մշտապես հիշում են նաև ԱԺ նախկին փոխնախագահ, ՔՊ-ական Լենա Նազարյանի պայքարն ու գաղափարները։
Այս անգամ Լենա Նազարյանի՝ ժամանակին արտահայտած ազնիվ գաղափարներն էր հիշել ակտիվիստ Սամվել Աշոտյանն ու սոցցանցերում սկսել փնտրել նրան.
«Որևէ մեկը գիտի՞՝ որտե՞ղ է նա։ Ախր, Ամուլսարը նրա կարիքն ունի։ Խնդրեմ, փոխանցեք վերջինիս, որ անձամբ ես պատրաստ եմ նրա հետ միասին կրկին փակել Ամուլսարի ճանապարհը, ինչպես նախկինում էինք անում։
Խնդրում եմ փոխանցել նրան, որ հանրությունը սպասում է իր ազնիվ ու անկաշառ խոսքին…»
Մեզ հետ զրույցում Լենա Նազարյանը միայն ասաց, որ չի զբաղվում հանրային-քաղաքական գործունեությամբ և չի ցանկանում արձագանքել։
«Ապրում եմ իմ մասնավոր կյանքով, ես հարցազրույցներ չեմ տալիս», — ասաց նա։
Մեր դիտարկմանը, որ իր պայքարի մասին հաճախ են հիշում սոցցանցերում, Նազարյանն այսպես արձագանքեց.
«Հիշում են՝ հիշեն, ինձ չի հետաքրքրում»։
Հիշեցնենք, որ 2012 թվականին Ամուլսարի շահագործման դեմ պայքարող Նազարյանն իր պայքարի ընթացքում հիմնավորում էր, թե ինչու չպետք է հանքը շահագործվի։
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ կապիտալը մնում է հանքատիրոջը, իսկ գյուղացիները դառնում են ճորտեր՝ ծառահատներ ու հանքափորներ։ Բացի այդ, եթե մարդն ապրում է աղտոտված շրջակա միջավայրում, ապա դա նշանակում է, որ նա աղքատ է։
«Ես համոզվեցի, որ կառավարությունը (չունենամ ես տենց կառավարություն) դիտավորյալ չի զարգացնում տարածաշրջանը, որ մարդիկ կախված լինեն հանքի շահագործումից»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: