Արփի Սինանյանը հաղթել է NEUE STIMMEN միջազգային վոկալ մրցույթում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի շրջանավարտ Արփի Սինանյանը Գերմանիայում անցկացված NEUE STIMMEN («Նոր ձայներ») միջազգային վոկալ մրցույթում արժանացել է կանանց անվանակարգի առաջին մրցանակի և 15 000 եվրո դրամական պարգևի։

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել 2026 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Գերմանիայի Գյուտերսլո քաղաքի Stadthalle համերգասրահում։ Արդյունքները հոկտեմբերի 10-ին հրապարակել է մրցույթի կազմակերպիչ Լիզ Մոնի հիմնադրամը։

NEUE STIMMEN միջազգային վոկալ մրցույթը հիմնադրվել է 1987 թվականին և անցկացվում է երկու տարին մեկ՝ նպատակ ունենալով բացահայտել ու աջակցել երիտասարդ օպերային երգիչներին։

2026 թվականին մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 1126 երգիչ՝ 69 երկրից։ Նախնական ընտրության արդյունքում 467 մասնակից հրավիրվել է կենդանի լսումների, իսկ եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք է ստացել 41 երգիչ՝ 18 երկրից։ Նրանցից 16-ն անցել են կիսաեզրափակիչ, իսկ ութը՝ եզրափակիչ։

Մրցույթի ինն անդամից բաղկացած միջազգային ժյուրին նախագահել է Փարիզի ազգային օպերայի տնօրեն Ալեքսանդր Նեեֆը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են եղել եվրոպական և ամերիկյան առաջատար օպերային թատրոնների ղեկավարներ ու մասնագետներ։

Եզրափակիչ համերգին մասնակիցներին նվագակցել է Դույսբուրգի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Վիտալի Ալեքսեենոկի ղեկավարությամբ։ Համերգը հեռարձակվել է OperaVision միջազգային հարթակում։

Արփի Սինանյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (Young Artists Opera Program, YAOP) շրջանավարտ է։ Ծրագիրը նպաստում է երիտասարդ երգիչների մասնագիտական զարգացմանը, բեմական փորձի ձեռքբերմանը և միջազգային մրցույթներին պատրաստվելուն։

Նշենք, որ 2026 թվականի սեպտեմբերին Արփի Սինանյանը Հունգարիայում անցկացված Եվա Մարտոնի անվան միջազգային վոկալ մրցույթում արժանացել էր երրորդ մրցանակի։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment