Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանի մի շարք շրջաններում հիջաբ կրող աշակերտներին և ուսուցիչներին այսօր թույլ չեն տվել մասնակցել դասերին: Նրանց ասել են, որ դա պայմանավորված է նոր կանոնակարգերով։ Ծնողներն ու աշակերտները բողոքի ակցիաների են դուրս եկել դպրոցների առջև: Համացանցում Բաքվի, Սումգայիթի և այլ բնակավայրերի դպրոցներից բողոքի ցույցերի տեսանյութեր են տարածվում։

Հաղորդվում է, որ որոշ դպրոցներում տնօրենները փակել են դպրոցի դռները։ Չնայած դրան՝ աշակերտները երթով անցել են միջանցքներով։ Դպրոցների դիմաց լարվածություն է առաջացել, դասապրոցեսը խաթարվել է։

Դեռևս նախօրեին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հայտարարել էր հոկտեմբերի 12-ին և 17-ին «հիջաբի դեմ բողոքի ցույցերի» մասին: Ծրագրվել էր հոկտեմբերի 12-ին ցույցեր անցկացնել միջնակարգ դպրոցներում, իսկ հոկտեմբերի 17-ին՝ Գիտության և կրթության նախարարության շենքի առջև, ինչպես նաև «Մայիսի 28» մետրոյի կայարանի մոտ:

Ադրբեջանի կառավարությունը սեպտեմբերի 21-ի որոշում է ընդունել պետական հանրակրթական հաստատությունների սովորողների հագուստին ներկայացվող պահանջներում փոփոխությունների կատարման վերաբերյալ։ Այժմ չի թույլատրվում հագուստի այլ տարրերի օգտագործումը, որոնք խախտում են սովորողների համար սահմանված համազգեստի միասնականությունը, ինչպես նաև չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկության սկզբունքին։ Հիջաբ բառը որոշման չի նշվում, սակայն կրոնական գործիչներն այն մեկնաբանում են որպես գլխաշորերի արգելք։ Բացի այդ՝  հիջաբ կրող ուսուցիչներին էլ  արգելվում է  դասավանդել։

Ընթացող բողոքի ցույցերի ֆոնին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանում մի շարք օգտատերեր հոկտեմբերի 12-ի առավոտից ի վեր հաղորդում են Instagram և TikTok սոցիալական ցանցեր մուտք գործելու խնդիրների մասին։

Բողոքների համաձայն՝ Instagram-ի լրահոսը չի թարմացվում, էջերը և գրառումները չեն բացվում։ TikTok-ը դժվարություններ է ունենում տեսանյութեր վերբեռնելու և հաշիվներ բացելու հարցում։ Որոշ սոցիալական ցանցերի օգտատերեր հայտնում են, որ իրենց ինտերնետ կապը թույլ է, բայց նրանք կարող են մուտք գործել Instagram և TikTok VPN-ի միջոցով։ Դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա՝ արդյո՞ք խնդիրը կապված է ինտերնետի որևէ սահմանափակման հետ։

Սոցիալական ցանցերի ակտիվության մոնիթորինգով զբաղվող ծառայությունները նույնպես բազմաթիվ բողոքներ են գրանցել Ադրբեջանից: Որոշ օգտատերեր հայտնում են, որ Instagram-ը և TikTok-ն աշխատում են VPN-ի միջոցով, բայց առանց VPN-ի մուտքի և բեռնման խնդիրներ են առաջանում։

Էմմա Չոբանյան

 

 

Leave a comment