Վլադիմիր Զելենսկին արժանի չէ մարտադաշտում դադարի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Լիբանանցի գործընկեր Յուսեֆ Ռաժիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադար է հաստատվել, որի մասին նախօրեին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրա ձևական զարմանքը նախագահ Թրամփի հայտարարության առնչությամբ միայն մեկ բան է ցույց տալիս. նա շատ է ցանկանում օգտագործել հրապարակային դաշտում հայտնվող ցանկացած խոսք, նախաձեռնություն կամ գաղափար՝ ամեն գնով առաջ մղելու դադար ստանալու իր շահագրգռվածությունը։
Չեմ կարծում, թե նա արժանի է այդ դադարին», – նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Զելենսկին հայտարարում է ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին, եթե իրեն երկու ամիս ժամանակ տրամադրվի ուժերը վերականգնելու համար։ Սակայն այդ ընթացքում Եվրոպան Ուկրաինայի զինված ուժերին նոր սպառազինություն կմատակարարի՝ ռազմական գործողությունները շարունակելու նպատակով։
Անդրադառնալով էներգետիկ հրադադարի վերաբերյալ Թրամփի հայտարարությանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ կողմերը շարունակում են շփումները։ Նա հավելել էր, որ Կրեմլը համապատասխան տեղեկություն կհրապարակի, երբ այդ հարցի վերաբերյալ ասելիք ունենա։