«ԹՐԻՓՓ համաձայնագիրը ԱԺ-ում նախատեսվում է քննարկել մինչեւ հոկտեմբերի վերջ»․ Ռոբերտ Աբիսողոմոնյան

«Ներկայացված բոլոր տվյալները հանրային տվյալներ են, այսինքն՝ վերցված են հանրային տեղեկատվությունից։ Այսինքն՝ սա ի ցույց է դնում, որ կառավարությունը շատ թափանցիկ է աշխատել այդ իմաստով, եւ բոլոր թվերը թափանցիկ ներկայացված են»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի տասնյոթերորդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի քսաներորդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի վեցերորդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների ելույթներին՝ COP17-ի համար անարդյունավետ ֆինանսական ծախսի մասին։

Extraordinary session of the RA National Assembly took place

Փոխնախարարը նշեց, որ COP17-ը ՄԱԿ-ի կողից կազմակերպված միջոցառում է, եւ բոլոր գնումներն իրականացվում են ՄԱԿ-ի կողից սահմանված չափանիշների հիման վրա։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հստակ չնշեց, թե բյուջեից որքան գումար կծախսվի COP17-ի անցկացման համար։ Նրա խոսքով՝ գործընթացը շարունակական է, կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ըստ փոխնախարարի՝ համաժողովի ավարտից հետո Շրջակա միջավայրի նախարարությունը, որն իրականացնում է գնումները, հանրությանը թափանցիկ կերպով կներկայացնի հաշվետվությունը։

Նա նշեց, որ Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ առաջնորդում է գլոբալ միջոցառում։ Ակնկալիքները մեծ են, ՀՀ-ն հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք վերաբերում են թե ՀՀ-ում առկա, թե գլոբալ խնդիրներին։ Այս պահին ՀՀ-ն ոչ միայն իր տեսանելիությունն է ապահովում, այլ նաեւ խոսք է ասում գլոբալ բնապահպանական օրակարգում։ Դա նպաստում է ոչ միայն տվյալ օրակարգի շրջանակներում համագործակցությանը, այլ նաեւ մեծ հնարավորություն է ՀՀ համար երկկողմ կապերի ամրապնդման տեսանկյունից։

«Ակնհայտ մի ճշմարտություն կա, որ COP-ի անցկացումը նպաստում է կարողությունների ամրապնդմանը»,- ասաց Աբիսողոմոնյանը։

Անդրադառնալով հարցին, թե COP17-ի անցկացումն ինչպե՞ս է ազդելու Հայաստանի բնապահպանական խնդիրների լուծման վրա, օրինակ, օդի աղտոտվածության հարցի, փոխնախարարը պատասխանեց․ «Նախ COP17-ի անցկացումն ինքնին չի նշանակում, որ տվյալ երկիրը չունի բնապահպանական խնդիրներ կամ հարցեր։ Բազմաթիվ երկրներ, որոնք Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմեր են հանդիսանում, ունեն նման բնապահպանական խնդիրներ։ COP17-ի կնպաստի նաեւ ՀՀ առջեւ ծառացած խնդիրների հասցեագրմանը»։

Հարցին՝ COP17-ին մասնակցելու համար ներկայացուցիչներ կժամանե՞ն նաեւ Թուրքիայից եւ Ադրբեջանից, Ռոբերտ Աբիսողոմոնյանը պատասխանեց․ «Թուրքիան ու Ադրբեջանը հանդիսանում են կոնվենցիայի կողմեր, եւ ազատ են գրանցվելու։ Այս պահին ես տվյալներ չունեմ՝ գրանցվե՞լ են, թե՞ չեն գրանցվել։ Այս պահին տեղյակ ենք, որ 13 հազարից մի փոքր ավելի գրանցում է տեղի ունեցել, միգուցե գրանցվել են, միգուցե չեն գրանցվել»։

Անդրադառնալով հարցին, թե ԹՐԻՓՓ համաձայնագիրը երբ է քննարկվելու խորհրդարանում, փոխնախարարը պատասխանեց․ «Կարծում եմ՝ ընթացքում է, եւ համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետ Արտաքին գործերի նախարարությունը կներկայացնի վավերացման։ Այս պահին հստակ ժամկետներ չեմ կարող նշել, եթե մոտավոր ասեմ՝ հոկտեմբեր ամսվա մեջ տեղի կունենա, մինչեւ հոկտեմբերի վերջ նախատեսվում է»։

Նա նշեց, որ որպես միջազգային պայմանագիր՝ այն պետք է Սահմանադրական դատարանի համաձայնությունը ստանամ եւ ներկայացվի ԱԺ՝ քննարկման ու վավերացման համար։

Անդրադառնալով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը՝ փոխնախարարն ասաց․ «Ես կարծում եմ, որ ՀՀ-ում բոլորի աշխատավարձերը Հայաստանում վերջին շրջանում բարձրացել են, այդ թվում՝ նաեւ ուսուցիչների աշխատավարձերը։ Համապատասխան վերապատրաստումների եւ քննությունների արդյունքում աշխատավարձերը բարձրանում են բոլոր ոլորտներում»։ Նա նշեց, որ Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարությունում եւս կա ատեստավորման համակարգ, ինքը մի քանի անգամ անցել է ատեստացիա՝ մինչեւ հասել է փոխնախարարի պաշտոնի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment