ԱԺ-ն հաստատեց ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված վարկային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 12-ին հրավիրված արտահերթ նիստին քննարկվեցին և քվեարկության դրվեցին երկու համաձայնագրեր վավերացնելու նախագծեր:
Առաջինը «ՀՀ կառավարության և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության միջև կողմերի համաժողովի 17-րդ հանդիպման, որպես Կարթագենյան արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի 12-րդ հանդիպման և որպես Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպում հանդես եկող կողմերի համաժողովի 6-րդ հանդիպման անցկացման վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու նախագիծն է, որը սահմանում է ՀՀ կառավարության և կոնվենցիայի քարտուղարության փոխադարձ պարտավորությունները։
Համաձայնագրով կարգավորվում են համաժողովի անցկացման վայրի և անհրաժեշտ ենթակառուցվածքների տրամադրումը, տեխնիկական և հաղորդակցման միջոցների ապահովումը, պատվիրակությունների ընդունելությունը և այլ հարցեր։
Այն ընդունվեց 68 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ ձայներով:
Մյուս համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն է, որը վերաբերում է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրին:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորման ծավալը 284,4 միլիոն դոլար է, որից 264,4 միլիոնը վարկային միջոցներ են. 240 մլն դոլարը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկային միջոցներն են, 24,4 մլն դոլարը՝ գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի դրամաշնորհը:
Այն ընդունվեց 66 կողմ, 0 դեմ, 21 ձեռնպահ ձայներով:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, դիմելով հատկապես ԼՂ-ից տեղահանվածներին, հայտարարեց. «Ըստ էության, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, կողմ չքվեարկելով ՎԶԵԲ-ի համաձայնագրի վավերացմանը, որը միտված էր բնակապահովման խնդրին, փաստեց, որ իրենց քաղաքական ուժը դեմ է, որ մեր սիրելի տեղահանված քույրերն ու եղբայրները սեփական հայրենիքում՝ Հայաստանում, տուն ունենան»:
ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր հերթին հայտարարեց, որ քվեարկությունը վերաբերել է այնպիսի իրավիճակի և այնպիսի հիմնավորումներով ֆինանսական հաշվետվությունների պատճառաբանվածության ցածր աստիճանի պայմաններին, որ ձեռնպահ են քվեարկել. «Սոցիալ-տնտեսական համալիր խնդիրները, որին բախված են մեր քույրերն ու եղբայրներն արդեն երեք տարուց ավելի, միանշանակ պետք է լուծվի և կլուծվի»: