Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի նիստում COP17 համաձայնագրի վավերացման քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հարցադրում բարձրացրեց, թե ինչու են հարցերն ընդգրկվել Ազգային ժողովի նիստի օրակարգում՝ առանց գլխադասային հանձնաժողովներում քննարկվելու։ Նա նաև հետաքրքրվեց, թե Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 7 կետերից որին է համապատասխանում տվյալ համաձայնագիրը, որը պահանջում է պարտադիր վավերացում։

ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը պարզաբանեց, որ համաձայնագիրը միջազգային փաստաթուղթ է, որը նախատեսում է ֆինանսական պարտավորություններ Հայաստանի համար, ուստի ենթակա է ԱԺ վավերացմանն ու Սահմանադրական դատարանի քննությանը։

Արձագանքելով փոխնախարարին՝ Ղազարյանը մատնանշեց Ֆինանսների նախարարության տեղեկանքը, ըստ որի՝ փաստաթուղթը պետության համար ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում և հավելել, որ համաձայնագրով նախատեսված վճարումները պետք է փոխանցված լինեին 9 ամիս առաջ։ Սողոմոնյանն էլ ընդգծեց, որ 2024 թվականին որոշված COP17 համաձայնագրի վերջնականացումը պահանջել է երկարատև բանակցություններ՝ վկայակոչելով միջազգային պայմանագրերի իրավունքի կոնվենցիան։

Անդրադառնալով նիստի գումարման ընթացակարգին՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ կետով հստակ սահմանված են առանց գլխադասային հանձնաժողովի քննարկման արտահերթ նիստ գումարելու պայմանները։

«Պարո՛ն Ղազարյան, եթե բաց հարցեր կան, մի՛ ամաչեք, գրե՛ք, ինձ դիմե՛ք, ես կպարզաբանեմ Ձեզ համար։ Օրինակ՝ վերջերս դիմում էիք ինձ գրել, որ Ձեզ արձակուրդ տրամադրեմ, սիրով տրամադրեցի չվճարվող արձակուրդը»,- ասաց նա։

ԱԺ նախագահը հավելեց, որ կարդալը երբեք չի խանգարում, իսկ հարցի հրատապությունը պայմանավորված է եղել քննարկվող նախագծի բովանդակությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment