Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել

Հասարակություն

12.10.2026 | 12:34

Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Նասիմի Մուսաևը, ըստ ադրբեջանական աղբյուրների, սեպտեմբերի 26-ին անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը: Ըստ Հայաստանի ԱԱԾ-ի՝ Ադրբեջանն այդ մասին հայկական կողմին հայտնել է սեպտեմբերի 29-ին։ Հայկական գերատեսչությունը, մինչդեռ, տեղեկությունը հանրայնացրեց հոկտեմբերի 1-ին, երբ լուրեր տարածվեցին Հայաստանի տարածք ադրբեջանցու ներթափանցման մասին։

Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում։ Ըստ տարածված տեղեկությունների՝ գիշերել է գյուղի տներից մեկում՝ օգտվելով տանտերերի բացակայությունից։ Հոկտեմբերի 1-ին էլ կրակել է գյուղի բնակչուհու վրա։ Վիրավորում ստացած կինը երեք անչափահաս երեխաների մայր է։ 12 և 15 տարեկան նրա երեխաները նույնպես բուժօգնության են դիմել․ 12-ամյա երեխայի մոտ արձանագրվել է փափուկ հյուսվածքների սալջարդ, 15-ամյա երեխայի մոտ՝ աջ դաստակի կոտրվածք։

Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ռազմական նշանակության արտադրանքի, հրազենի, այլ սարքերի մաքսանենգության, հրազենի, ռազմամթերքի, այլ նյութերի ապօրինի շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածներով։ Նա երկու ամսով կալանավորվել է։

Ռոզա Վարդանյան

Leave a comment