«Այս պահից սկսած՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում գործում է էներգետիկ հրադադար։ Երկու կողմերն էլ համաձայնել են։ Մի՛ խախտեք այն»,- սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի կնքման մասին արդեն հայտարարել էր սեպտեմբերի 14-ին։ Սակայն ավելի ուշ Financial Times թերթը գրել էր, որ, ըստ ամենայնի, ԱՄՆ նախագահը շտապել էր։
Կրեմլի դիրքորոշմանը ծանոթ՝ FT-ի աղբյուրները հայտնել էին, որ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում ձմռան նախաշեմին էներգետիկ համաձայնագիր կնքել, քանի որ կարծում է, որ ցուրտ եղանակին էներգետիկ օբյեկտներին հասցվող հարվածները կարող են ստիպել Կիևին զիջումների գնալ։
Նախօրեին Թրամփը լրագրողների հետ զրույցում Ուկրաինային առաջարկել էր «նոր նախագահ ընտրել», որը կկարողանա «գործարք կնքել»։
«Գիտե՞ք՝ ինչ եմ առաջարկում։ Առաջարկում եմ նրանց՝ ուկրաինացիներին, նոր առաջնորդ գտնել, որն ունակ կլինի գործարքներ կնքել։ Չէ՞ որ նա՝ Վոլոդիմիր Զելենսկին, կարող էր բազմաթիվ գործարքներ կնքել, բայց չգիտես ինչու երբեք դա չի անում»,- ասել էր Թրամփը։
Նա նաև քննադատել էր Զելենսկուն՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածներ հասցնելու համար։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը Զելենսկուն ասել էր, որ նա կարող է «Ռուսաստանի հետ անել այն, ինչ ուզում է», սակայն չպետք է հարվածի նավթավերամշակման գործարաններին, քանի որ դա «համաշխարհային խնդիր է»։
Հաջորդ օրը Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը կդադարեցնի Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները միայն այն դեպքում, եթե Մոսկվան դադարեցնի հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։