61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

61-ամյա կանադուհին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ հինգ ժամ անընդմեջ պահելով «պլանկայի» դիրքը։

Ռեկորդակիրը 61-ամյա Դոննա Ջին Ուայլդն է։ ԱՄՆ Յուտա նահանգում անցկացվող Huntsman World Senior Games՝ տարեցների համաշխարհային խաղերի ժամանակ, նա հինգ ժամ անընդմեջ պահել է պլանկայի դիրքը։

Ուայլդը գերազանցել է իր նախորդ ռեկորդը, որը կազմում էր 4 ժամ 30 րոպե 11 վայրկյան։ Այնուամենայնիվ, նոր ռեկորդային արդյունքը դեռ պետք է ստուգվի Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչների կողմից։

Ուայլդը «պլանկա»-ով սկսել է զբաղվել ավելի քան տասը տարի առաջ՝ դաստակի վնասվածքից հետո։ Դրա պատճառով նա չէր կարողանում կատարել իր սովորական վարժություններից շատերը։ «Պլանկան» դարձավ դրանց հասանելի այլընտրանքը և աստիճանաբար վերածվեց ամենօրյա մարզման։

Ժամանակի ընթացքում կանադուհին իր մարզումներին ավելացրել է վազքը, ցատկապարանով վարժություններն ու ուժային մարզումները։ Ուայլդը դպրոցի նախկին տնօրեն է, հինգ երեխաների մայր և 12 թոռների տատիկ։

Ռեկորդային փորձի վերջին ժամը հատկապես ծանր է եղել․ մարզուհին խոստովանել է, որ քիչ է մնացել հանձնվի։ Սակայն հանդիսատեսի աջակցությունն օգնել է նրան դիմանալ մինչև վերջ։

Արդեն հաջորդ առավոտյան նա մասնակցել է երեք կիլոմետրանոց վազքի։

Ուայլդն ունի նաև մեկ այլ հավակնոտ նպատակ․ նա ցանկանում է գերազանցել սեփական ռեկորդը հրում վարժությունների մեջ՝ մեկ ժամում կատարելով 1575 կրկնություն։

Leave a comment