Արգենտինայի առաջնության 12-րդ տուրը փայլուն է դասավորվել հայկական արմատներով ֆուտբոլիստների համար: Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը և Թոմաս Ադորյանն իրենց տպավորիչ ու վճռորոշ գոլերով հաղթանակներ են պարգևել սեփական թիմերին։
«Բարակաս Սենտրալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Հուրականի» նկատմամբ: Հանդիպման գլխավոր հերոսը Նորբերտո Բրիասկո-Բալեկյանն էր, ով իր պրոֆեսիոնալ կարիերայում առաջին անգամ դուբլ է ձևակերպել՝ այն էլ իր նախկին և հարազատ ակումբի դեմ խաղում:
30-ամյա հարձակվողը հաշիվը բացել է 9-րդ րոպեին և, ի հարգանք նախկին ակումբի, գոլը չի տոնել: Արդեն 62-րդ րոպեին նա հեռահար, ֆանտաստիկ հարվածով կրկնապատկել է հաշիվը՝ գնդակն ուղարկելով դարպասի վերին անկյունը:
Մեկ այլ խաղում «Բանֆիլդը» հյուրընկալվելիս դրամատիկ պայքարում 2:1 հաշվով առավելության է հասել «Տիգրեի» նկատմամբ: Հյուրերին կարևորագույն երեք միավոր է պարգևել կիսապաշտպան Թոմաս Ադորյանը։
Հանդիպման 36-րդ րոպեին՝ 1:1 հաշվի ժամանակ, նա աջ եզրից ստացել է փոխանցում, շարժվել դեպի կենտրոն և տուգանային հրապարակից դուրս ձախ ոտքի հուժկու հարվածով գնդակն ուղարկել դարպասի անկյունը: Սա Ադորյանի երկրորդ անընդմեջ գոլն էր Արգենտինայի առաջնությունում և երրորդը՝ վերջին չորս հանդիպումներում՝ ներառյալ Արգենտինայի Գավաթի խաղարկությունը:
Armsport