«Ուսանողականfest 2026»․ ուսանողները՝ փորձի, կապերի և նոր հնարավորությունների շուրջ

Ուսանողներ, երիտասարդական կազմակերպություններ, հայտնի բանախոսներ ու նոր ծանոթություններ․ այս ամենը մեկ հարկի տակ էր համախմբել «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամը՝ հոկտեմբերի 10-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպելով «Ուսանողականfest 2026»-ը։ Միջոցառմանը շուրջ 400 ուսանող հնարավորություն ունեցավ լսելու տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մարդկանց պատմությունները՝ նրանց կարիերայի սկզբի, դժվարությունների, ձախողումների և ձեռքբերումների մասին։

Բանախոսների թվում էին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը, գրող Ռուբեն Եսայանը, դերասանուհի Անի Խաչիկյանը և բժիշկ Դավիթ Տոնոյանը։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի երկամյա «Ուսուցիչ-առաջնորդ» ծրագիրը համախմբում է տարբեր ակադեմիական և մասնագիտական ոլորտների շրջանավարտների ու փորձառու մասնագետների, որոնք պատրաստ են ստանձնել պատասխանատվություն և նպաստել Հայաստանի համայնքների երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնմանը՝ դասավանդելով համայնքային դպրոցներում։ Ծրագրի մասնակիցները ոչ միայն դասավանդում են, այլև առաջնորդում համայնքներում և շարունակում իրենց ներգրավվածությունը ծրագրի ավարտից հետո։

«Ես առաջին կուրսի ուսանող եմ, և ինձ շատ հետաքրքիր են համալսարանական կյանքն ու այն, թե ինչպես են ուսանողներն իրենց դրսևորում համալսարանից դուրս։ Այստեղ հնարավորություն կա ծանոթանալու տարբեր ուսանողների հետ, փորձ փոխանակելու և ակադեմիական կապեր ստեղծելու»,- ասում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանող Լիլիթ Դարբինյանը։ Նրա խոսքով՝ միջոցառումից ակնկալում է վերադառնալ նոր ծանոթություններով, հետաքրքիր պատմություններով և օգտակար փորձով։

«Ուսանողականfest»-ն անցկացվում է արդեն չորրորդ անգամ՝ համախմբելով տարբեր մասնագիտությունների տեր հարյուրավոր երիտասարդների՝ պատմաբաններից ու բժիշկներից մինչև ինֆորմատիկներ և բանասերներ։

Կազմակերպության մարդկային ռեսուրսների և մշակույթի բաժնի ղեկավար Տաթևիկ Կարապետյանը զրույցում ընդգծեց, որ հիմնադրամի համար կարևոր են ուսանողների զարգացումը, կարիերայի կողմնորոշումն ու մասնագիտական կապերի ստեղծումը։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը մշտապես ուշադրություն է դարձնում ուսանողներին, քանի որ նրանք «Ուսուցիչ-առաջնորդ» ծրագրի հիմնական թիրախային խմբերից են։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն ուսանողներին հնարավորություն է տալիս դեռևս աշխատանքային փորձ չունենալու կամ լայն մասնագիտական կապեր չձևավորելու պայմաններում սկսել կարիերայի ուղին՝ առաջին քայլերն անելով աջակցող թիմի և փորձառու մասնագետների կողքին։

«Փաստացի՝ ավելի քան տասը տարի Դասավանդիրը ուսանողների հետ համագործակցությամբ տարբեր ծրագրեր է իրականացնում։ Դասավանդման փորձառությունը նրանց հնարավորություն է տալիս հետագայում իրենց դրսևորելու տարբեր ոլորտներում, քանի որ այդ ընթացքում ձեռք են բերում այն հիմնական հմտությունները, որոնք պահանջում է աշխատաշուկան։ Այս հարթակում նրանք կարողանում են զարգանալ և հետագայում կայանալ իրենց ընտրած ուղղությամբ»,- նշեց Տաթևիկ Կարապետյանը։

Իր ելույթի ընթացքում հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Լարիսա Հովհաննիսյանն անդրադարձավ «Ուսուցիչ-առաջնորդ» ծրագրի մեկնարկին, որը տրվել է 2013 թվականին։ Նրա խոսքով՝ սկզբում նախատեսվում էր ծրագիրը սկսել 20 մասնակիցներով, սակայն նրանցից վեցը հրաժարվեցին՝ իմանալով, թե Հայաստանի որ համայնքներում են դասավանդելու։

«Մենք մնացինք 14 հոգով։ Ես միշտ նշում եմ՝ այդ 14 հոգին ձեզ պես երիտասարդ ուսանողներ էին, որոնք ավարտել էին տարբեր համալսարանների տարբեր բաժիններ։ Մենք անգամ չգիտեինք՝ այդ երկու տարվա համար ֆինանսավորում կունենանք, թե՝ ոչ։ Ես տեսնում էի, որ նրանք վախենում էին, բայց հանձն առան այդ գործը և սկսեցին «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի ճանապարհը, որը շարունակվում է մինչ օրս։ Ցանկացած բան, որ արժե անել, միշտ ուղեկցվում է վախերով»,- պատմեց Լարիսա Հովհաննիսյանը։

Միջոցառման կազմակերպիչները բանախոսություններից հետո ուսանողներին վստահեցրին՝ հանդիպելու են նույն միջոցառման շրջանակներում հաջորդ տարի ևս՝ ավելի մասշտաբային, ուսանողակենտրոն և տարբերվող ձևաչափով։

Ռիմա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment