Քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի երրորդ նիստը: Նիստին մասնակցել են նախարարի տեղակալներ Համլետ Սահակյանը, Վահան Սիրունյանը, խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների, միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ:

Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին` կարևորելով վերջիններիս ակտիվ ներգրավվածությունը ոլորտային քաղաքականությունների նախագծման և մշակման գործընթացում: Անդրադառնալով օրակարգային առաջին հարցին` նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը ներկայացրել է հարկային նոր հայեցակարգը և համակարգի արդիականացման ու արդյունավետության բարձրացման ուղղությունները:

Համլետ Սահակյանը, մասնավորապես, անդրադարձել է հարկային քաղաքականության հասցեականությանը, եկամուտների հայտարարագրմանը և սոցիալական ծախսերի լուծումներին, համայնքների հարկային եկամուտների հնարավորությունների ընդլայնմանը, հաշվապահական և հարկային հաշվառման աստիճանական մոտարկմանը: Խորհրդի անդամներն այնուհետև ներկայացրել են թեմայի վերաբերյալ իրենց հարցերը և ստացել համապատասխան պարզաբանումներ:

Այնուհետև քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդի անդամների կողմից նախապես ներկայացված առաջարկությունները: Անդրադառնալով նախարարության գրավոր արձագանքին` մասնակիցները ֆինանսների նախարարության մասնագետների հետ քննարկել են առաջարկությունների առնչությամբ դեռևս պարզաբանման կարիք ունեցող հարցերը:

Նիստի ավարտին նախարարն ամփոփել է քննարկումների հիմնական արդյունքները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա նիստի օրակարգի և բովանդակային հիմնական ուղղությունների վերաբերյալ:

Leave a comment