Խաղաղություն հաստատելու գործընթաց եւ ցմահ դատապարտում. ի՞նչ է սա, եթե ոչ բանակցություններում խաղաղության դիկտատի դիմաց ծանրակշիռ պահանջ. «Ազգ»

Գերմանալեզու մամուլը (մյուսների նման) մեկ տարի շարունակ զրկված էր Բաքվում Արցախի նախկին ղեկավարության դատավարությունը լուսաբանելուց, բայց նախորդ շաբաթ, նաեւ երեկ, նույնիսկ հակիրճ տեղեկատվությամբ իր վերաբերմունքն արտահայտեց: Ո՞վ է հավատում ավտորիտար պետության ծանր, շինծու մեղադրանքին: Խաղաղություն հաստատելու գործընթաց եւ ցմահ դատապարտում. ի՞նչ է սա, եթե ոչ ապագա բանակցություններում խաղաղության դիկտատի դիմաց պարտված հարեւանից ծանրակշիռ պահանջ:

Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» փետրվարի 6-ին վերնագիր- ենթավերնագրում փոխանցում է իր դիտանկյունը՝ «Խաղաղության գործընթացի միջոցին. Ադրբեջանը բազմաթիվ հայերի ցմահ ազատազրկման է դատապարտում»: «Երկու տարի առաջ Ադրբեջանը նվաճեց Լեռնային Ղարաբաղը (բնագրում՝ Nagorni Karabach-Ան.Հ.): Այժմ երկիրը կրկին իր ուժն է ցուցադրում Ղարաբաղի հայերի նկատմամբ: Հայաստանն ու Ադրբեջանը մերձենալ են կամենում: Իրականում Ադրբեջանը հաշտություն պիտի հաստատեր իր հարեւանի հետ, սակայն երկրի բռնապետական ղեկավարությունն այժմ հայերին նախազգուշացնող, ապագային միտված նոր ուղենշային օրինակ է ցույց տալիս», գրում է թերթը՝ հուշելով, թե բանակցություններում առավելագույն պահանջներ սահմանելու խաղաթուղթ է: «Ադրբեջանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին: Ուժի ցուցադրություն», ասում է SRF-ի թղթակիցը (Calum MacKenzie): Շվեյցարական ռադիոհեռուստատեսությունը՝ SRF-ը երեկ՝ փետրվարի 12-ին անդրադառնալով Բաքվի դատավարությանը հիշեցնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության պատմությունը, անդրադառնում խաղաղության փխրուն գործընթացին, որ Մաքքենզիի կարծիքով, խաղաղության թելադրանքի է նման՝ Ադրբեջանը տարբեր պայմաններ է առաջադրում հարաբերությունների կարգավորման համար: «Ղարաբաղի ղեկավարության երկարամյա բանտարկությունները սպասելի էին: Ավելին, Մաքքենզիի կարծիքով, Հայաստանի վարչապետ Փաշինյանը «հազիվ թե արցունք թափի նրանց ճակատագրի համար»: SRF-ը անդրադառնում է ԼՂ-ի բռնագաղթի հետեւանքով իրենց բուն երկիրը կորցրած արցախցիներին: «Նրանցից շատերը հույս ունեին, որ վարչապետ Փաշինյանը կապահովի իրենց վերադարձը հայրենիք: Այդ հույսերը չարդարացան: «Փոխարենը, նրանք դարձան վարչապետի հռետորաբանության թիրախը, որը նրանց ի թիվս այլ բաների մեղադրեց երախտամոռ լինելու մեջ», կարծիք է հայտնում Մաքքենզին եւ շարունակում՝ իսկ ընդդիմությունը օգտագործում է տեղահանված անձանց՝ հակակառավարական տրամադրություններ հրահրելու համար»: «Ղարաբաղից տեղահանված անձինք տխուր վիճակում են», եզրափակում է SRF-ի թղթակիցը: «Նրանք գնդակ են դարձել քաղաքական երկու ճամբարների խաղում»:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment