«Մեր երկրում իրավական ամենաթողությունը շարունակական բնույթ է կրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա անդրադարձավ նաև ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցին և ասաց, որ զեկույցում նույնպես արձանագրվել է՝ ներկա խորհրդարանը լեգիտիմ ճանապարհով չի ձևավորվել։
«Զեկույցը հստակ արձանագրել է, որ վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ կոնկրետ գողացվել են ԲՀԿ-ի ձայները, ԲՀԿ-ն զրկվել է խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից։ ԲՀԿ-ի՝ խորհրդարանում չընդգրկվելը փաստացի փոխել է ԱԺ-ի ամբողջ պատկերը։ Որքան էլ այսօր իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձեն զեկույցի մեկ նախադասություն վերցնել ու թափահարելով շեշտել, թե ԵԽԽՎ-ն արձանագրում է, որ այս խորհրդարանն օրինական է, այնուամենայնիվ, աննախադեպ բան է տեղի ունեցել, երբ միջազգային հեղինակավոր կազմակերպությունն արձանագրում է մեկ ամբողջական խորհրդարանական խմբակցության մանդատների փաստացի հանգամանքը և առաջ է քաշում ընտրական գործընթացներում իրավական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը»։
Մանդատների գողությունից հետո, ըստ Տոնոյանի, իշխանությունը լծվեց քաղաքական հետապնդումներ իրականացնելու իր ավանդական գործելաոճին․ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, իսկ նրա հետ փոխկապակցված ձեռնարկություններում տեղի ունեցան ոչ իրավական գործընթացներ.
«Ոտնահարելով անմեղության կանխավարկածը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ծառուկյանն ու այլ քաղբանտարկյալներ հանցագործներ են։ Ցավում եմ, որ օրենքը և իրավունքի գերակայությունը, ըստ ամենայնի, Փաշինյանի համար որևէ բան չեն նշանակում։ Բայց արձանագրենք, որ եթե երկրի ղեկավարն իրեն իրավունք է վերապահում հնչեցնել նման գնահատականներ՝ ոտնահարելով անմեղության կանխավարկածը, ապա մենք ևս կաշկանդված չենք հնչեցնելու գնահատականներ, որ հանցագործ է այն մարդը, ում իշխանության օրոք հանձնվում է Արցախը, հանցագործ է այն մարդը, ում իշխանության օրոք ադրբեջանցին շատ հանգիստ հայտնվում է Շաքի գյուղում ու բռնություն գործադրում խաղաղ ընտանիքի նկատմամբ, հանցագործ է այն մարդը, ով կտոր-կտոր ՀՀ տարբեր մասեր նվիրում է Ադրբեջանին, հանցագործ է այն մարդը, ում հռետորաբանության մեջ գերակշռում են ադրբեջանական ու թուրքական նարատիվները»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: