«Եվրախորհրդարանի բանաձեւը պետք է համարենք որպես «փափուկ ուժի» երեւույթ, Եվրոպան կախվածության մեջ է բռնապետություններից»․ Հիլդա Չոբոյան

«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը։

Հիլդա Չոբոյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

-Տիկին Չոբոյան, Եվրախորհրդարանը երեկ ընդունեց բանաձեւ, որով պահանջում է նաեւ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու պատանդներին։ Սա հերթական բանաձեւն է, նախկինում էլ նման կոչեր ու բանաձեւեր եղել են, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայերին ապօրինի պահել Բաքվի բանտերում։ Ի՞նչ նշանակություն ունի այս բանաձեւը։

– Այս բանաձեւը ամբողջության մեջ մեկ բաղադրիչ է, ես Եվրախորհրդարանի որոշումներն այդպես եմ դիտարկում տարիներ շարունակ, նաեւ այն ժամանակ, երբ աշխատում էի Եվրախորհրդարանում։ Խոշոր բաց գոյություն ունի Եվրախորհրդարանի, մյուս կողմից Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի միջեւ։ Գործադիրը Եվրահանձնաժողովն է, որն այսպիսի բանաձեւերը, որոնք ավելի շատ իղձերի բնույթ ունեն եւ բարոյական հենք ունեցող որոշումներ են, շատ հաճախ նկատի չի ունենում։ Օրինակ՝ Եվրախորհրդարանի կողմից բազմիցս կոչեր ուղղվեցին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որ Ադրբեջանի հետ այլ կերպ վարվեն՝ հայ գերիների, մարդու իրավունքների եւ այլ հարցերով։ Բայց ոչինչ չփոխվեց եվրոպական քաղաքականության մեջ։

Հետեւաբար, սա պետք է համարենք որպես «փափուկ ուժի» երեւույթ։ Եվ «փափուկ ուժի» երեւույթների կուտակումն է, որ հնարավորություն է տալիս հանրային կարծիքի վրա ազդելով՝ նաեւ քաղաքական ուղղությունների վրա ազդել։ Այսինքն՝ Եվրախորհրդարանի որոշումների արժեքը սա է։ Բայց սա չի նշանակում, որ այդ որոշումները պիտանի չեն։ Դրանք պետք են, եւ պետք է բազմապատկել։

Այս պարագայում տեսնում ենք, որ այս բանաձեւը վերաբերում է նաեւ ադրբեջանցի այլախոհներին ու քաղբանտարկյալներին, որոնք բանտարկվում ու կտտանքների են ենթարկվում։ Նույնիսկ ադրբեջանցի փախստական այլախոհներն են ենթարկվում բռնությունների, նաեւ սպանության փորձեր են եղել։ Բայց վերջին պահին միջամտություն է եղել, հայաշատ համայնք ունեցող պատգամավորների կողմից ճնշումներ են եղել, որպեսզի հայ գերիների հարցը եւս ներառվի բանաձեւում։

-Ինչի՞ց է բխում Եվրոպայի այս քաղաքականությունը։

-Այսօր Եվրոպայի վիճակն իսկապես լավ չէ, որովհետեւ աքցանի մեջ է գտնվում՝ Արեւելքի, այսինքն՝ Ռուսաստանի եւ ծայրահեղ Արեւմուտքի, այսինքն՝ Միացյալ նահանգների միջեւ։ Եվ Եվրոպան իսկապես ինքնաքննարկման փուլի մեջ է գտնվում այսօր։ Եվ այս ամենը Եվրոպային կախվածության մեջ է դնում բռնապետություններից, մասնավորապես, մեր պարագայում Թուրքիայից ու Ադրբեջանից։ Հակառուսականությունն այսօր այնպիսի մակարդակի է հասել Եվրոպայում, որ գործադիրը շատ ուշադիր է, որ նույնիսկ այս բռնապետությունների հետ, որոնք երբեմն-երբեմն քննադատությունների են ենթարկվում, բարեկամական ու դաշնակցային կապեր լինեն։ Հետեւաբար, ընդհանուր առմամբ այսպիսի որոշումները պետք է դիտարկել որպես «փափուկ ուժի» մաս կազմող մեկ բաղադրիչ։

-Բանաձեւի համահեղինակ ֆրանսիացի եվրապատգամավոր Մարինա Մեզյուրը տեղեկացրել էր, որ վերջին պահին իր նախաձեռնությամբ բանաձեւի նախագծում ավելացվել է նաեւ Բաքվում պահվող հայ բանտարկյալների հարցը։ Ֆրանսիայի հայ համայնքի ճնշումը եղե՞լ է այս հարցում, թե՞ սա ֆրանսիացի պատգամավորների նախաձեռնությունն է։

-Հայ համայնքը միայն այս հարցով չէ, մշտապես կապի մեջ է Սենատի եւ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորների հետ։ Եվ այս պատգամավորները հայ համայնքի կարծիքը հաշվի են առնում, ուշադրություն են դարձնում հայ համայնքի վրա։ Մարինա Մեզյուրը վերջին շրջանում շատ ակտիվ պատգամավոր է, մասնավորապես, հայկական հարցերի, հայ գերիների, Ադրբեջանի գործած ապօրինությունների, մարդու իրավունքների խախտումների հարցերի վերաբերյալ։ Հետեւաբար, հայ համայնքի ճնշումը շատ բանական գործընթաց է, որը շարունակական է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment