Փաշինյանը կարևորել է Ալմաթիի հռչակագրը ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ալմաթիի հռչակագրի դերը ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ 2024 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել և վավերացրել են երկու պետությունների պետական սահմանների սահմանազատմամբ զբաղվող հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, հայտնում է Aysor.am-ը:

«Փաստաթուղթը սահմանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում կղեկավարվեն Ալմաթիի հռչակագրով՝ որպես հիմնարար սկզբունք», – նշել է ՀՀ վարչապետը։

Իր ելույթում Փաշինյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ալմաթիի հռչակագիրը ոչ միայն Անկախ պետությունների համագործակցության հիմնադիր փաստաթղթերից է, այլև կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ նախաստորագրված համաձայնագրում։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ հռչակագրի նշանակությունն արտացոլված է նաև խաղաղության համաձայնագրի տեքստում։ Մասնավորապես, Ալմաթիի հռչակագրին հղում է կատարվում փաստաթղթի նախաբանում, ինչը ևս ընդգծում է դրա դերը երկու երկրների հարաբերությունների կարգավորման իրավական հիմքերի ձևավորման գործում։

Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առթիվ: Նշվում է, որ համատեղ հռչակագիրը, Միացյալ Նահանգների աջակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի համար ապահովել է հստակ ճանապարհային քարտեզ՝ խաղաղությունն ամրապնդելու, բարգավաճման հասնելու և գործընկերությունը խորացնելու համար։ Այս համարձակ առաջնորդների հանդիպումից ի վեր մեկ տարվա ընթացքում երկրները շարունակական հաջողության համար հիմքեր են ստեղծել

Leave a comment