ՀՀ կառավարության ծրագրում Ամենայն հայոց կաթողիկոսի հեռացման և եկեղեցու ներքին գործերին միջամտելու դրույթի սահմանադրականության հարցը Սահմանադրական դատարանը չի քննի։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆո»–ն։
Ըստ էության` ՍԴ–ն մերժել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված դիմումի քննությունը, որով վիճարկվում էր ԱԺ–ի կողմից կառավարության ծրագիրը հաստատելու մասին որոշման սահմանադրականության հարցը։
Ավելի վաղ` սեպտեմբերի 24–ին, հրապարակվեց հակաեկեղեցական արշավի զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։ Ավելի քան 70 էջից կազմված «զեկույցում» մի շարք մեղադրանքներ կան ոչ միայն կուսակրոնության ուխտի խախտումների, բարեվարքության վերաբերյալ, այլև բավականին ծանր մեղադրանքներ, այդ թվում՝ մանկապղծության վերաբերյալ։
Ըստ «Փաստինֆո»–ի` ընդդիմադիր խմբակցությունները հարց են բարձրացրել, թե արդյոք տվյալ որոշումը կարող է համարվել Սահմանադրությանը համապատասխան, եթե նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում մինչև մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների քննարկման ավարտը, ԱԺ-ն անցել է ՀՀ կառավարության ծրագրի քննարկմանը։
«Վաղաժամ անցումը կառավարության ծրագրին ոչ միայն ձևականորեն փոխել է օրակարգը, այլև մեծամասնությանը թույլ է տվել իր քաղաքականապես կարևորագույն վստահության հարցը քննարկել այն փուլում, երբ ընդդիմությանը համամասնորեն վերապահված մի շարք հանձնաժողովների ղեկավար պաշտոնների ընտրությունները դեռ բաց էին»,– նշել են ընդդիմադիր ուժերը։
Բացի ընթացակարգային խախտումից, ՍԴ ներկայացված դիմումով բարձրացվել են նաև որոշման բովանդակային խնդիրները։
ՍԴ–ն, սակայն, աշխատակարգային որոշմամբ մերժել է դիմումի քննությունը` նշելով, թե կառավարության ծրագրի քաղաքականապես հաջող կամ արդարացված լինելու հարցերը գտնվում են խորհրդարանի քաղաքական պատասխանատվության, այլ ոչ թե սահմանադրական արդարադատության տիրույթում։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:
ԱԺ հունիսի 7-ի ընտրություններից հետո կաթողիկոսի դեմ արշավը նոր թափ է ստացել։