Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գյուղատնտեսական արտադրանքի և պարենային ապրանքների ապրանքաշրջանառության ծավալը 2026 թվականի հունվար-հուլիս ամիսներին աճել է 20%-ով։ Այս մասին Ռուսաստանի «Ոսկե աշուն» գյուղատնտեսական և արդյունաբերական ցուցահանդեսում հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մաքսիմ Մարկովիչը։
Նրա խոսքով՝ 2025 թվականին միության շրջանակում գյուղատնտեսական արտադրանքի և պարենային ապրանքների
ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 20%-ով՝ հասնելով շուրջ 18 մլրդ դոլարի։
«Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածի տվյալներով՝ մենք նույնպես արձանագրել ենք ապրանքաշրջանառության շուրջ 20% աճ։ Տեսնում ենք, որ մեր առևտուրը հավասարակշռված է», – ասել է Մարկովիչը։
Նա նշել է, որ ներկայումս մեծ ուշադրություն է դարձվում ագրոարդյունաբերական համալիրի այնպիսի ուղղությունների զարգացմանը, ինչպիսիք են սելեկցիան և սերմնաբուծությունը, անասնաբուծության արտադրողականության բարձրացումը, ինչպես նաև բարձր ավելացված արժեքով արտադրանքի արտադրության ծավալների ավելացումը։
«Ընդհանուր առմամբ, այս աշխատանքները համապատասխանում են այն ուղղություններին, որոնք առաջնահերթ են միության շրջանակում, ինչպես նաև այն հնարավոր կոոպերացիոն նախագծերին, որոնք մենք համատեղ կիրականացնենք», – հավելել է փոխնախարարը։