3 մասնակից, 4 մրցանակ՝ Հայաստանի հաջողությունը միջազգային մրցույթում

«Փոքրիկ միսս մոլորակ 2026» միջազգային մրցույթից Հայաստանի ներկայացուցիչները վերադարձել են  մրցանակներով

Հայաստանը մասնակցել է օրերս Բուլղարիայում՝ Սոզոպոլ և Բուրգաս հանգստավայրերում կայացած «Փոքրիկ միսս մոլորակ 2026» 20-րդ միջազգային մրցույթին: Մրցույթի ազգային տնօրենը «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան է: Զրուցել ենք ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանի հետ: Նա տեղեկացրեց, որ մրցույթի շրջանակներում ամեն տարի անցկացվում է նաև «Երկրների շքերթ», որտեղ մասնակից երկրների պատվիրակությունները ներկայացնում են ազգային խոհանոցի համադամ ուտեստները, քաղցրավենիքը, խմիչքը, որից հետո մեկնարկում է ազգային ուտեստների համտեսն ու փոխադարձ հյուրասիրությունը: «Այս ամենին Հայաստանի պատվիրակությունը բծախնդիր էր նախապատրաստվել, և մեր սեղանի շուրջ միշտ մարդաշատ էր: Մինչ մրցույթի մեկնարկը, մասնակից երկրների երեխաները նվերներ փոխանակեցին: Մրցույթի տասնամյակների այս ավանդույթը շատ սպասված է մասնակիցների համար: Սա մտերմացնում է երեխաներին, ծանոթացնում միմյանց մշակույթին»,- նշեց մեր զրուցակիցը:

Հավելեց, որ 5 օր շարունակ մրցույթի մասնակիցները միջազգային ժյուրիին ներկայացել են հարցազրույցի, ազգային տարազի, տաղանդի, երեկոյան նորաձևության փուլերում: Այս ամենի հանրագումարում ժյուրին ընտրել է անվանակարգերի հաղթողներին և մրցանակակիրներին: Հայաստանը մրցույթին ներկայացված էր 3 տարիքային խմբերում՝ կրտսեր, միջին և նախապատանեկան:

Մեր մասնակիցները՝ Եվան, Էվելինան, Եվան, հանդես եկան նաև տաղանդի փուլում՝ ներկայացնելով հայկական ժողովրդական, հնդկական ռիթմերից համեմված պարային համարներ: «Փոքրիկ միսս մոլորակ 2026» միջազգային մրցույթի «Լավագույն ազգային տարազ» անվանակարգում մրցանակը շնորհվեց Էվելինա Պապոյանին: Mini Miss Planet 2026 Grand Prix Talent մրցանակը տրվեց կրտսեր տարիքային խմբում հանդես եկող Եվա Մադաթյանին, իսկ Miss Pree Teen Planet 2026 Grand Prix Talent մրցանակը՝ Եվա Սարիբեկյանին: «Փոքրիկ միսս մոլորակ 2026» միջազգային մրցույթի գլխավոր SUPER GRAND PRIX մրցանակը շնորհվեց Էվելինա Պապոյանին: Հայաստանը ներկայացնող երեք մասնակիցները վերադարձան 4 մրցանակներով:

Մրցույթն այս տարի անցկացվում էր Բուլղարիայում, ծովափնյա Սոզոպոլ և Բուրգաս հանգստավայրերում:

Անահիտ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment