Եվրախորհրդարանը պահանջել է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ գերիներին (PAN.am)

Եվրախորհրդարանն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումները և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին ու ռազմագերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

«Եվրոպական խորհրդարանը կրկին իր խոր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակվող կալանավորման կապակցությամբ, կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրանց և հարգել նրանց հիմնարար իրավունքները»,-ասված է բանաձևում, հայտնում է Auroranews.am-ը:

Բանաձևն ընդունվել է 492 կողմ և 23 դեմ ձայներով։

Հայ գերիների վերաբերյալ դրույթները վերջնական տեքստում ներառվել են բանաձևի համահեղինակ, Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Մարինա Մեզյուրի ջանքերի շնորհիվ։

Եվրախորհրդարանում Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ նախատեսված քննարկումից առաջ ֆրանսիացի պատգամավոր Մարինա Մեզյուրը հայտնել էր, որ իր առաջարկով բանաձևի նախագծում ներառվել է նաև Բաքվում պահվող հայ բանտարկյալների հարցը:

Մեզյուրը պատմել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Արցախից տեղահանված բնակիչների հետ և անմիջական շփումների արդյունքում ավելի հստակ պատկերացում կազմել հայրենի բնակավայրեր վերադառնալու նրանց ցանկության մասին։

Leave a comment