«Նարեկացի» ինստիտուտը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Կիլիկիո կաթողիկոսության հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հրավերով՝ «Նարեկացի» հայագիտական ինստիտուտի ներկայացուցիչներն այցելել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն՝ ծանոթանալու կառույցի գործունեությանը, ներկայացնելու իրենց իրականացրած և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև քննարկելու համագործակցության հնարավորությունները։

2026 թվականի հոկտեմբերի 1-8-ը կայացած այցը «Նարեկացի» հայագիտական ինստիտուտի ներկայացուցիչների առաջին պաշտոնական այցն էր Անթիլիաս։ Պատվիրակության կազմում էին Արմեն Խեչոյանը, Արթուր Սողոմոնյանը, Ռուբեն Աթոյանը և Գոհար Ավագյանը։

Այցի ընթացքում պատվիրակության անդամները երկու հանդիպում են ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև լսել են Վեհափառ Հայրապետի մտքերն ու առաջարկները և ստացել նրա օրհնությունը։

Պատվիրակության անդամները շրջայց են կատարել Կաթողիկոսության կառույցներում՝ ծանոթանալով Մայր տաճարին, Ապրիլյան նահատակների հուշարձանին, Գանձատանը, «Կիլիկիա» մատենադարանին, թանգարանին և արխիվին, ինչպես նաև միջեկեղեցական, տեղեկատվական և քրիստոնեական դաստիարակության բաժանմունքների աշխատանքներին ու նորակառույց Բեզիքյան կենտրոնին։ Նրանք հանդիպումներ են ունեցել նաև Կաթողիկոսության տարբեր բաժանմունքների պատասխանատուների հետ։

Այցի շրջանակում պատվիրակությունը եղել է նաև Թռչնոց Բույնում, Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Բեզիքյան» թանգարանում, Ազունիեի Հայ ազգային բուժարանում, Այնճարում, Լեյլավանում, «Խորեն Ա» կենտրոնում, Սուրբ Նշան մայր եկեղեցում, Սրբոց Վարդանանց եկեղեցում և Ազգային առաջնորդարանում։ Հանդիպում է տեղի ունեցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե արքեպիսկոպոս Փանոսյանի հետ։

Պատվիրակության անդամներն այցելել են նաև Ազգային Միացյալ վարժարան, ծանոթացել տնօրինության և աշակերտների հետ, եղել Այնթուրայում՝ ուսումնասիրելու հայկական որբանոցի պատմական հետքերը, ինչպես նաև այցելել Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանք և Դպրեվանք՝ հանդիպելով տեսչությանն ու ուսանողներին։

Այցի ավարտին պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել Արամ Ա կաթողիկոսին՝ բարձր գնահատելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մշակութային և կրթական լայնածավալ գործունեությունը։

«Նարեկացի» հայագիտական ինստիտուտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու Կաթողիկոսության հետ հայագիտությանն առնչվող տարբեր ոլորտներում։

Alpha News

Leave a comment