Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար

Հասարակություն

09.10.2026 | 11:42

ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ներկայացուցիչը մասնակցել է մարզային ֆորումի, որտեղ քննարկվել են արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի, հաղորդակցության մատչելիության և համայնքային մասնակցության խթանման համար։

ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը մասնակցել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող քաղաքացիական մասնակցության հաբ» ծրագրի շրջանակում կազմակերպված մարզային ֆորումին։

Ֆորումի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները՝ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքի իրացման, հաղորդակցության մատչելիության ապահովման, իրավունքների պաշտպանության և համայնքային կյանքում լիարժեք ու ակտիվ մասնակցության խթանման համատեքստում։

Անդրադարձ է կատարվել նաև ժամանակակից տեխնոլոգիական լուծումների դերին՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար առկա խոչընդոտների հաղթահարման, տեղեկատվության և ծառայությունների հասանելիության ընդլայնման, ինչպես նաև հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը, մատչելի և ներառական միջավայրի ձևավորումը, ինչպես նաև նրանց ինքնուրույնության և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցության ապահովումը»։

Leave a comment