«Դեռ չենք ստացել տապանի գոյության 100%-անոց արդյունք, բայց ունենք տվյալներ, որոնք կզարմացնեն մարդկությանը». «Ազգ»

Գիտնականներն ավարտել են Արարատ լեռան վրա Նոյյան տապանի որոնումների ներկա տարեշրջանը եւ նմուշներ են ուղարկել լաբորատոր վերլուծության, որից նրանք սպասում են սենսացիոն արդյունքներ: Այս մասին ռուսական NTV հեռուստաալիքին հայտարարել է արշավախմբի ղեկավար, Թուրքիայի Սիվասի (պատմ. Սեբաստիա- Գ.Մ.) Ջումհուրիեթ համալսարանի պրոֆեսոր Ջենկեր Աթիլան:

Աշխատանքները կատարվել են Արարատից որոշ հեռավորությամբ գտնվող Դողուբայազետի շրջանի Դուրուփինար կոչվող տեղանքի երկրաբանական կառույցում, որի ուրվագծերն ու չափսերը հիշեցնում են Նոյյան տապանի աստվածաշնչյան նկարագրությունը եւ որտեղ գիտնականներն անոմալ դատարկություններ էին հայտնաբերել:

«Մենք մոտ 150 տարբեր կետերից վերցրել ենք հողի հազարի չափ նմուշ: Այս նմուշները նախագծի ամենակարեւոր փուլերից մեկն էին»,- ասել է Աթիլան: Նրա խոսքով՝ իրենք գործընկերներով գտել են խեցեղենի բեկորներ, որոնք, ենթադրվում է, վերաբերում են նախաջրհեղեղյան ժամանակաշրջանին: Որոշ նմուշներ արդեն ուղարկվել են Անկարա: Այժմ մասնագետները դրանցում կփնտրեն օրգանական նյութեր եւ փայտանյութի մնացորդներ:

«Օրգանական նյութի ածխածնային թվագրման միջոցով մենք կհասկանանք, թե արդյո՞ք այստեղ իրոք նավ է եղել»,- պարզաբանել է Աթիլան՝ հավելելով, որ արդյունքները պետք է հասանելի լինեն ձմռանը:

«Մենք դեռ չենք ստացել հարյուրտոկոսանոց արդյունք, բայց ունենք տվյալներ, որոնք կզարմացնեն մարդկությանը: Դրանք շուտով կհրապարակվեն գիտական հոդվածներում եւ գրքերում»,- գիտնականի խոսքերն է մեջբերում NTV-ն:

Ինչպես նշել է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը, տապանի գոյության գիտական ապացույցներ առայժմ չկան. աշխատանքների ամբողջ ընթացքում չեն հայտնաբերվել փայտ, մեխեր կամ վստահաբար մարդու ստեղծած նյութեր, իսկ արդյունքները չեն հրապարակվել գրախոսվող ամսագրերում:

Չնայած դրան, մի քանի շաբաթ առաջ պեղումներին մասնակցած հնագետ Էնդրյու Ջոնսը ռուսական լրատվամիջոցներին հայտնել է, թե իրեն եւ գործընկերներին հաջողվել է ստանալ սկզբունքորեն նոր արդյունքներ:

Պեղումները կատարած խմբի լավատեսության հանդեպ, սակայն, «ՌուՆյուզ» կայքում որոշակի կասկած է հայտնել, օրինակ, ռուս փորձագետ, գիտական ոլորտի լրագրող Ալեքսանդր Սոկոլովը, շեշտելով, որ տվյալ տեղեկատվությունը գնահատելու համար անհրաժեշտ են հրապարակված տվյալներ:

«Որտե՞ղ է հետազոտությունը: Կա մամուլի հայտարարություն, եւ ես կցանկանայի կարդալ հետազոտությունը, բայց դա իրականում այդպես չէ: Հայտնաբերվել են մի քանի Նոյյան տապաններ»,- նկատել է նա Radio KP-ի եթերում:

Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment