«Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում». ներկայացվեց երիտասարդության հիմնախնդիրների մասին Մարինա Գալստյանի նոր ուսումնասիրությունը

Հոկտեմբերի 8-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում «ԱՐԱՐ» հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի է ունեցել սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Մարինա Գալստյանի «Հայաստանի երիտասարդները անորոշության և հույսի խաչմերուկում» գրքի ու հետազոտության արդյունքների մասնագիտական քննարկումը:

Մասնագետներն ու ոլորտի դերակատարները քննարկել են 44-օրյա պատերազմից ու բազմաճգնաժամերից (polycrisis) հետո երիտասարդների ինքնության, հոգեկան առողջության (PTSD), քաղաքական պասիվության, աշխատաշուկայի և ապագայի տեսլականի փոփոխությունները:

«ԱՐԱՐ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը, բացելով քննարկումը, նշեց, որ հիմնադրամն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Gen Z-ին (Generation Z՝ 12-ից 28-29 տարեկան երիտասարդներին)․ «Երիտասարդության ուսումնասիրությունը և երիտասարդական հիմնախնդիրների վերհանումն ու լուծումների փնտրտուքը շատ առաջնահերթ են մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման տեսանկյունից»:

«Առավոտ»-ի հետ զրույցում Արմեն Խաչիկյանը, անդրադառնալով հետազոտության գործնական կիրառությանն ու հիմնադրամի հետագա քայլերին, պարզաբանեց․ «Տվյալ հետազոտությունը մենք պատկերացնում ենք, որ պետք է դառնա հիմք հետագայում նոր հետազոտությունների, դուրս բերման… նոր հետազոտությունների և նաև նոր ծրագրերի: «ԱՐԱՐ» հիմնադրամում իրականացված սոցիոլոգիական հետազոտությունները նույնպես որոշակիորեն անդրադարձ ունեն երիտասարդներին և երիտասարդական հիմնախնդիրներին…

Մեր փորձառությունը ցույց է տվել, որ ոչ միշտ է, որ պետական քաղաքականությունը արդյունավետ է, և տվյալ պարագայում էս ուղղությամբ ևս, ոչ միշտ է, որ պետական քաղաքականությունը հանգեցնում է տվյալ ոլորտի խնդիրների լուծմանը: Եվ մեր ջանքերը, մի գուցե մի քանի անգամ համոզվել ենք, որ մեծ արդյունք չեն տալիս պետական քաղաքականության մշակմանը մասնակցելով… իմպլեմենտացիոն դաշտում թերանում է պետությունը և ինստիտուտները: Դրա համար փորձելու ենք նաև դրա հասարակական սեգմենտով՝ հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, կրթական և այլ կառույցների միջոցով փորձենք դուրս բերել, լուծել և բարելավել միջավայրը»:

Հետազոտության հեղինակ, սոցիոլոգ Մարինա Գալստյանը ներկայացրեց 1000 երիտասարդների շրջանում իրականացված քանակական ու որակական հետազոտության ուշագրավ արդյունքները․ «Անորոշությունը երիտասարդության սոցիոլոգիայում բնութագրական գծերից է: 2020 թվականի պատերազմը, Քովիդը, հետպատերազմյան անորոշությունը, 2023 թվականի տեղահանությունը․ այս ամեն ինչը մեզ հիմք է տալիս անվանելու այս ժամանակաշրջանը որպես բազմաճգնաժամ (polycrisis)»:

Ըստ հետազոտության՝ երիտասարդների 31%-ը կարծում է, որ երիտասարդն այն մարդն է, ով պատասխանատու է իր որոշումների համար, սակայն ընդամենը 8.9%-ն է նշել, որ պատրաստ է ռիսկի գնալ հանուն իր գաղափարների կամ արժեքների: «Երիտասարդները չեն պատկերացնում, որ երիտասարդն այն մարդն է, որը պատրաստ է ռիսկի գնալ… Ցանկացած մասնագիտություն, որն ունի ռիսկի տարր, այսօր երիտասարդները խուսափում են»:

Քննարկման մասնակիցների դիտարկմանը, թե անվտանգային խնդիրներ ունեցող երկրում երիտասարդների նախընտրելի մասնագիտությունների ցանկում զինվորականի գործունեությունը գրեթե բացակայում է, Մարինա Գալստյանը պատասխանեց․

«Զինվորականը այլ տարբերակներում է նշվել, շատ ավելի քիչ տոկոսներ են նշվել: Իրականում ցանկացած մասնագիտություն, որը ունի ռիսկի տարր, այսօր երիտասարդները խուսափում են: Ի՞նչն են իրենք անվանում ռիսկ․ ռիսկ, որ քո ներդրած ջանքերը չի բերի քո ցանկալի արդյունքին, որովհետև արդյունքը կախված չի միայն քեզանից: Զինվորականի մասնագիտության ռիսկային լինելը ռիսկային է գնահատվում երիտասարդների կողմից, հետևաբար նաև նրանց կողմից չի ընտրվում որպես հիմնական մասնագիտություն»:

Անդրադառնալով քաղաքացիական պասիվությանն ու հանրային դաշտում առկա ատելության խոսքին՝ բանախոսը պատմեց․ «Մի հարց ունեինք երիտասարդներին՝ ո՞վ է ձեզ համար հերոսը այսօր։ Երիտասարդներից մեկը նշեց մի քաղաքական գործչի անուն, ես հարցրի՝ ինչո՞ւ։ Նա ասեց՝ ես հիացած եմ, թե ինչպես է այդ քաղաքական գործիչը դիմագրավում ատելության խոսքին։ Այսինքն՝ այլ չափանիշ հերոս լինելու չկար․ երիտասարդի համար ատելության խոսքին դիմակայելը խնդիր է կյանքում»:

«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով հետազոտության մեջ առանձնացված երիտասարդների 4 տիպաբանական խմբերին (նորարար առաջնորդներ, կայունության ջատագովներ և այլն)՝ Մարինա Գալստյանը հայտնեց․ «2022 թվականից հետո, օրինակ, մի տիպ կար՝ ինքնահաստատվողների տիպը, ձուլվել է մնացած տիպերի մեջ: 22 թվականին 5 տիպ ունեինք, հիմա 4 տիպ ունենք: Նորարար առաջնորդների թիվը մի քիչ ավելացել է: Բայց այնտեղ նաև մտահոգիչ էր, որ այսպես չկողմնորոշված, մի քիչ հուսահատ տիպը երիտասարդների աճել է: Քաղաքաբնակ 18-ից 22 տարեկան երիտասարդների շրջանում են ավելի շատ այս տիպի երիտասարդները՝ այդպես հուսահատված, ապակողմնորոշված, որոնք նաև անկախության ցուցանիշներով ավելի ցածր դիրքերում են: Իրենց տեսակարար կշիռը ավելացել է վերջին հետազոտության տվյալներով»:

Քննարկման ընթացքում բարձրացվեց ուսանողների շրջանում տարածված օնլայն խաղամոլության ու դրանով «փող աշխատելու» խնդիրը։ Մարինա Գալստյանը նշեց․ «Զբաղվածության ոլորտները հետազոտությունում արտացոլված են, բայց որպես հետազոտական արդյունք բացարձակ չունեմ՝ զբաղվում է խաղամոլությամբ, թե չէ։ Բայց վնասակար սովորությունների, թվային կախվածության հետ կապված հարց ունեինք որպես խնդիր, որոնք նախկինում երիտասարդները չէին նշում, իսկ այժմ նշում են, ինչը հուշում է, որ խնդիր կա»:

Անդրադառնալով ուսանողների վաղ աշխատաշուկա մտնելուն՝ սոցիոլոգը նշեց․ «Եթե տարիներ առաջ առաջին աշխատանքի ժամանակ երիտասարդների տարիքը միջինում 23 տարեկանն էր, հիմա 19-ն է: Մի մասի մոտ դա սոցիալ-տնտեսական պայմանավորվածություն ունի՝ ընտանիքին օգնելու, բայց նաև որոշակի կենսակերպ կա գերզբաղված լինելու, որը մատուցվում է սոցիալական մեդիայով, թե շատ լավ է, որ երիտասարդը շատ զբաղված լինի»:

Հետազոտողի դիտարկմամբ՝ երիտասարդների ազատ ժամանակը դարձել է երկրորդական տիրույթ․ «Երբ որ խմբային քննարկում էի իրականացնում և ասեցի երիտասարդներին՝ ինչպե՞ս եք պլանավորում ձեր ժամանակը, իրենք ասեցին՝ այնպես, որ ոչ մի ազատ րոպե չունենանք մտածելու։ Իրենք չեն ուզում ազատ ժամանակ ունենալ մտածելու, որովհետև կարող է սկսեն կասկածել՝ իրենք ինչ են անում, ճիշտ են անում, թե չէ: Ազատ ժամանակը վերածվում է տագնապի աղբյուրի»:

Ազգային ինքնության գիտակցման և հայրենասիրության մասին հարցադրմանը Մարինա Գալստյանը պատասխանեց․ «Ծրագրավորման ոլորտում աշխատող երիտասարդները պատմում էին, որ մինչև պատերազմը մտածում էին, թե իրենց առաջնային նպատակը գումար աշխատելն է, բայց պատերազմից հետո բավական կասկած իրենց մոտ առաջացավ իրենց՝ որպես քաղաքացի լինելու մեջ: Այսինքն՝ երբ դու ինդիվիդուալիստ ես, մենակ քո մասին ես մտածում, պատերազմից հետո դա բավարար չէ, որովհետև կան հարցեր, որոնց դու պետք է մասնակցեիր»:

Անդրադառնալով ապագայի տեսլականին և հույսի հայեցակարգին՝ Մարինա Գալստյանը շեշտեց․ «Երիտասարդները փորձում են իրենց ապագան պատկերացնել և այնպիսի պլաններ կազմել, որտեղ հույսը և արդյունքը իրենցից է կախված, որովհետև հույսը հանրայինից տեղափոխվել է անձնային։ Երբ հարցնում ես՝ ինչի՞ հետ եք կապում ապագայում հույսը, ասում են՝ իմ հետ, ընտանիքիս հետ, բայց ոչ երբեք ինստիտուտների… Եթե երիտասարդը մտածում է, որ իր հետ կապված հույսը միայն ինքը կարող է օգնել, ուրեմն Հայաստանում մնալը դառնում է հարցականի տակ»:

Բանախոսը նաև հավելեց, որ երիտասարդների մի խմբի մոտ հույսը ոչ թե ապագային է միտված, այլ անցյալին․ «Շատերն ասում էին՝ ես հույս ունեմ, որ լավ կլինի, որովհետև անցյալում մենք այսպիսի խնդիրներ ունեցել ենք ու լուծել ենք։ Այսինքն՝ հույսի աղբյուրը անցյալն է, ոչ թե ապագան»։

Գիրքը կարող եք տեսնել՝ այստեղ

Արգինա Փահլևանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment