Ծնողները տեղյակ չեն, որ իրենց ԴՆԹ անալիզները հանձնվել են ադրբեջանական կողմին․ Արեգա Հովսեփյան

«Երեք ուղղություն ենք առանձնացրել, որոնց ուղղությամբ մենք աշխատելու ենք․ միջազգային հարթակներն են, որտեղ որ, ինչպես գիտեք, կա նախնական համաձայնություն գանգատները միջազգային հետ քաշելու։ Տեսանք, որ ծնողները կտրուկ դեմ էին դրան, որովհետև փաստացի պետությունը որոշում է կայացրել իրենց փոխարեն, և հիմա քննարկվում է, թե արդյոք նրանք անհատականով կարող են դիմել իրենց հարազատների ճակատագրին տեղեկանալու իրավունքը պաշտպանելու համար»,- արցախյան վերջին պատերազմներում զոհվածների և անհայտ կորածների ծնողների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ ամփոփելով այսօր կայացած հանդիպումները։

Երկրորդ ուղղությունը Ազգային ժողովում նրանց խնդիրները բարձրաձայնելն է, և երրորդ ուղղությունը՝ երրորդ երկրների միջնորդությամբ փորձեն հասկանալ արդյունքների․ «Ինչպես նշեցի, ամեն դեպքում այս հարցերը պետական մասշտաբի հարցեր են, անհատական չեն կարող լինել․ այստեղ պետք է լինի պետական դիրքորոշում հարցերը լուծելու։ Ընդդիմությունը, մասնավորաբար, «Ուժեղ Հայաստանը» իր բոլոր լծակներով այս հարցով զբաղվելու է, որովհետև անհետ կորածները ոչ միայն իրենց ծնողների զավակներն են, այլ հայրենիքի զավակներն են, և սա մեր արժանապատվության և պատվի հարցն է»։

Լրագրողի հարցին՝ Ադրբեջանի նախագահը կրկին պահանջել է Հայաստանից հանձնել անհետ կորած ադրբեջանցիների տվյալները, բացել համապատասխան արխիվները․ ինչպիսի՞ն պիտի լինեն Հայաստանի քայլերը, եթե հաշվի առնենք իշխանությունների հայտարարությունները, որ Ադրբեջանի հետ, ուղիղ կապի մեջ են, նա պատասխանեց.

«Ինձ թվում է՝ այստեղ ինչ-որ դիսոնանսի ենք առնչվում, որովհետև իշխանությունները խոսում են խաղաղության մասին, խաղաղությունը հաստատվել է, որ պետք է փոխվստահություն լինի, և այդ փոխվստահությանը վնասող որևէ քայլ չպիտի կատարվի։ Եթե այս տրամաբանությունից ենք ելնում, ապա տրամաբանական է ադրբեջանական կողմի նման հայտարարությունը, բայց անտրամաբանական է, եթե հայաստանյան կողմից մենք չունենք նման հայտարարություններ, եթե հայաստանյան կողմից մենք չենք տեսնում, որ կա հստակ կամք այս հարցերը բարձրաձայնելու։ Նրանք մեզ անընդհատ ասում են, որ միջազգային հարթակներում փակ դռների հետևում խոսում են՝ «այ դուք չգիտեք՝ մենք ինչեր ենք անում», բայց փաստացի մարդիկ հենց նոր այստեղ էլ ասեցին, որ, օրինակ, ՄԱԿ-ի համապատասխան հանձնակատարի հետ, երբ որ խոսում էին, ասել է՝ «Մենք առհասարակ այդ թեզից տեղյակ էլ չենք, որ 23 թվականին անհետ կորածներ են եղել Արցախում»։ Հետևաբար սա խոսում է այն մասին, որ առաջնային հարց չի իշխանությունների համար սա։

Չեմ ուզում ծայրահեղացնել, որովհետև ինքս լավ եմ հասկանում, որ այս գործընթացը շատ ավելի ստորգետնյա ջրեր է պարունակում։ Մենք չենք հայտարարում, որ պետք է ամեն քայլը հատ առ հատ հանրայնացվի, բայց առնվազն ծնողները իրավունք ունեն տեղեկանալու դրա մասին։

Այսօր մենք համոզվեցինք, որ ծնողները տեղյակ չեն, որ իրենց ԴՆԹ անալիզները հանձնվի ադրբեջանական կողմին առանց իրենց իմացության։ Ես կրկնակի հարց տվեցի, ասեցի․ «Ոչ մեկդ տեղյակ չէի՞ք», նրանք ասացին՝ ոչ։ Ամենը ձայնագրված, տեսագրված է։ Ես այս առումով հարցումներ եմ անելու անպայման համապատասխան մարմիններին՝ իմանալու, թե ինչու են նրանց ԴՆԹ անալիզները փոխանցվել Ադրբեջանին»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպում էին արցախյան պատերազմներում զոհված և անհայտ կորածների հարազատների հետ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment