Եթե ՀՀ աղոթք-նախաճաշը պետք է ամփոփեի մեկ բառով, այդ բառը կլիներ՝ միասնություն․ Ստեփան Սարգսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Սարգսյանը գրում է.

«Եթե Հայաստանի Հանրապետության աղոթք-նախաճաշը պետք է ամփոփեի մեկ բառով, այդ բառը կլիներ՝ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ։

Իսկ եթե այդ միասնությունը պետք է ներկայացնեի մեկ լուսանկարով, կընտրեի հենց այս մեկը։

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեր հասարակության մեջ կան խոր տարաձայնություններ, քաղաքական և գաղափարական հակասություններ, երբ հանրային բանավեճերը երբեմն վերածվում են կոշտ առճակատումների, իսկ խոսքը՝ ցավոք, նաև փոխադարձ վիրավորանքների։

Եվ հենց այս իրականության մեջ Հայաստանի Հանրապետության աղոթք-նախաճաշը ցույց տվեց մի բան, որը, կարծում եմ, շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան պարզապես հաջողված միջոցառումը։

Մենք կարող ենք տարբեր լինել, չհամաձայնել միմյանց հետ, ունենալ տարբեր համոզմունքներ և պատկերացումներ Հայաստանի ապագայի մասին, բայց միևնույն ժամանակ կարող ենք կանգնել կողք կողքի և միասին աղոթել։

Այս հարթակում համախմբվեցին մեր հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ պետական և քաղաքական գործիչներ, հոգևորականներ, գործարարներ, մտավորականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, հավատացյալներ և աշխարհիկ մարդիկ։

Նրանց միավորեց մի բան, որն ավելի խորն է, քան տարաձայնությունները՝ մեր հոգևոր ժառանգությունը, քրիստոնեական ու բարոյական արժեքները և սերը հայրենիքի հանդեպ։

Աղոթք-նախաճաշի նպատակը երբեք չի եղել վերացնել տարաձայնությունները կամ ստեղծել միաձայնության պատրանք։ Ժողովրդավարական հասարակության մեջ տարբերությունները բնական են, իսկ բանավեճը՝ անհրաժեշտ։ Բայց նույնքան անհրաժեշտ է ունենալ ընդհանուր արժեքներ և հարթակներ, որտեղ կարող ենք միմյանց լսել, հարգել և միասին կանգնել։

Միասնությունը միակարծություն չէ։ Միասնությունն այն է, երբ, չնայած մեր տարբերություններին, մենք չենք կորցնում այն, ինչ մեզ միավորում է։

Ինձ համար այս լուսանկարը հենց այդ գաղափարի մարմնավորումն է։ Այն ցույց է տալիս, որ մեր հասարակության մեջ կա միավորող հսկայական ներուժ, իսկ մեր հազարամյա քրիստոնեական ժառանգությունը կարող է լինել ոչ միայն անցյալի հպարտություն, այլև ներկայի միավորող ուժ և ապագայի բարոյական հենարան։

Մենք ունենք մեկ հայրենիք, մեկ հոգևոր ժառանգություն և մեկ ընդհանուր պատասխանատվություն նրա ապագայի հանդեպ։

Մենք պարտավոր չենք ամեն ինչում համաձայնել իրար հետ։ Բայց մենք կարող ենք միասին աղոթել Հայաստանի համար»։

Leave a comment