Փաշինյան․ Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտմանը վկայում է ՔԿ-ի աշխատանքի նոր որակի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։ Անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահի խոսքում՝ Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտմանը վերաբերող հատվածին՝ վարչապետն ընդգծել է՝ դա վկայում է Քննչական կոմիտեի աշխատանքի նոր որակի և հետևողականության մասին:

Վարչապետն իր խոսքում նշել է, որ այս ընթացքում նաև Վահրամ Խորխորունու և մի շարք գործերի սպանության հետ կապված բացահայտումներ են եղել, ընդգծել, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը բացահայտումներն ավելի են դյուրացնում, սակայն վերոնշյալ դեպքերում արձանագրումը Քննչական կոմիտեի աշխատանքի շարունակական զարգացումն է:

«Շնորհակալ եմ նաև, որ նկատում եք՝ Կառավարությունը ջանք չի խնայում։ Իսկապես, ես չեմ հիշում՝ Քննչական կոմիտեն ի՞նչ խնդիր է բարձրացրել Կառավարության առաջ, որ այդ խնդիրը չի լուծվել»։

Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ տարիներ շարունակ չբացահայտված հանցագործությունների գործերով արձանագրված առաջընթացը կարևոր նշանակություն ունի ոչ միայն իրավապահ համակարգի աշխատանքի տեսանկյունից, այլև քաղաքացիների շրջանում արդար պետությունում ապրելու զգացողության ամրապնդման համար։

Նրա խոսքով՝ նման բացահայտումները կարող են նպաստել պետական հաստատությունների նկատմամբ վստահության բարձրացմանը, քանի որ հասարակության կարևորագույն պահանջներից մեկը շարունակում է մնալ արդարության ապահովումը։

«Արմատական խնդիրն այստեղ ոչ միայն կոնկրետ գործերն են, այլև հանրային վստահությունը պետական ինստիտուտների և պետության նկատմամբ։ Այսօր էլ, երեկ էլ մարդիկ ամենամեծ խնդիրը, որ տեսնում են և ամենամեծ պահանջը, ակնկալիքը, որ ունեն, արդարությունն է: Իսկ ինչպե՞ս մենք հասնենք մի զգացման, որ քաղաքացիներն արձանագրեն, որ իրենք ապրում են արդար երկրում և արդար միջավայրում։ Սա, իմիջիայլոց, պարզ խնդիր չէ, որովհետև այդտեղ չկան պարզ բանաձևային լուծումներ, սա խորը սոցիալ-հոգեբանական, փիլիսոփայական, բայց նաև շատ կոնկրետ գործառնական խնդիր է, և այդ խնդրի մի առնվազն զգալի հատվածը հենց քրեական գործերի քննության համատեքստում է դիտարկվում։ Հույս ունեմ, որ իսկապես այն, ինչ ասում եք, պարոն Պողոսյան, ոչ թե նշանակում է, որ ևս մի գործ կամ երկու կամ չորս բացահայտեցինք, այլ բոլորովին ուրիշ փուլ մտանք, և նախկինում մեր ունեցած խնդիրներն այլևս չեն կրկնվում»:

Փաշինյանը միաժամանակ ընդգծել է, որ պետական կառավարման համակարգում, այդ թվում՝ կառավարության, նախարարությունների և Քննչական կոմիտեի գործունեության ընթացքում, հնարավոր չէ ամբողջությամբ բացառել թերություններն ու սխալները։ Նրա գնահատմամբ՝ առաջնային նշանակություն ունի ոչ թե բացարձակ անթերիությունը, այլ պետական մարմինների հետևողական ձգտումն արդարության հաստատմանը։

Այս համատեքստում վարչապետը հատուկ անդրադարձել է այն քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, որոնք տարբեր հանգամանքների պատճառով սահմանափակ հնարավորություններ ունեն ինքնուրույն պաշտպանելու իրենց օրինական շահերը։

«Մենք՝ որպես պետություն, պետք է առանձնահատուկ խնամք տանենք այն մարդկանց իրավունքների նկատմամբ, ովքեր սահմանափակումներ ունեն իրենք իրենց իրավունքները պաշտպանելու տեսակետից»,- ասել է վարչապետը և հավելել, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա պետության պաշտպանությունը, օրենքի պաշտպանությունը, իրավունքի պաշտպանությունը:

Նրա գնահատմամբ՝ այս ուղղությամբ Քննչական կոմիտեի պատասխանատվությունը ոչ միայն մեծ է, այլև շարունակաբար ավելանալու է։ Դա պայմանավորված է հասարակության շրջանում իրավապահ մարմինների նկատմամբ ակնկալիքների աճով։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղաքացիները սկսել են ավելի մեծ հույսեր կապել նաև տասը, տասնհինգ կամ քսան տարի առաջ տեղի ունեցած և իրենց ընկալմամբ անարդարացիորեն չբացահայտված դեպքերի քննության հետ։ Նման գործերով առաջընթացը հասարակության մեջ ձևավորել է նոր բացահայտումների սպասումներ։

Միաժամանակ կառավարության ղեկավարը նշել է, որ կան հանցագործություններ, որոնց քննությունը տարբեր պատճառներով կարող է փակուղի մտնել։ Նրա խոսքով՝ սա բացառապես Հայաստանին բնորոշ խնդիր չէ, և նման իրավիճակներ արձանագրվում են աշխարհի տարբեր պետություններում։

Այդ պատճառով նա կարևորել է նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից հնարավորությունների շարունակական ներդրումը Քննչական կոմիտեի աշխատանքում։

Վարչապետը նաև վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել քննչական մարմնի ինստիտուցիոնալ զարգացմանը, աշխատակիցների սոցիալական երաշխիքների բարելավմանը և մասնագիտական գործունեության համար առավել հուսալի պայմանների ստեղծմանը։

Leave a comment