Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ անհետ կորածների ճակատագրերի պարզաբանմանը, Ադրբեջանի հետ համագործակցությանը, ինչպես նաև պաշտպանական բյուջեի ավելացման պատճառներին։

Անդրադառնալով Բաքվի հայտարարություններին և անհետ կորածների որոնողական աշխատանքների ընթացքին՝ վարչապետը նշեց, որ 1990-ական թվականներից ի վեր հայկական կողմն ունի գտնվելու վայրն անհայտ շուրջ 1000 քաղաքացի։

Փաշինյանն ընդգծեց, որ երկու կողմերում էլ կան անհետ կորածներ, և այդ խնդիրը հնարավոր է լուծել բացառապես համագործակցության միջոցով․ «Գտնվելու վայրն անհայտ անձինք նշանակում է, որ այդ մարդկանց վերաբերյալ տեղեկությունների սակավություն կա․ ոչ ոք չգիտի, թե որտեղ են այդ մարդիկ։ Ադրբեջանի որոշ շրջանակներ փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր մենք գիտենք, թե որտեղ են այդ մարդիկ, և զլանում ենք տեղեկատվությունը կիսել, բայց այդպես չէ։ Ճիշտ մոտեցումն այն է, որ համագործակցենք, այդ խնդիրը լուծենք և այդ էջը փակենք ի վերջո»։

Վարչապետը հայտնեց նաև, որ Բիշքեկում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ քննարկել են երկու երկրների համապատասխան հանձնաժողովների համագործակցությունը սերտացնելու հարցը։

Հակադարձելով դիտարկմանը, թե Կառավարությունը խուսափում է թեմայի հանրային քննարկումից՝ Փաշինյանը պարզաբանեց, որ աշխատանքների ընթացքի մասին ամենօրյա հայտարարություններ չեն արվում ընթացակարգերի նրբությունների պատճառով, սակայն հարցը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում։

Խոսելով պաշտպանական բյուջեն 47 միլիարդ դրամով ավելացնելու մասին՝ վարչապետը
նշեց, որ հատկացումներն ուղղվելու են Հայաստանի բանակի բնականոն զարգացումն ապահովելուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment