Կտավի մեջ հայտնաբերվել է Մարտիրոս Սարյանի ևս մեկ նկար

Կտավի մեջ հայտնաբերվել է Մարտիրոս Սարյանի ևս մեկ նկար

 Վերականգնման փուլի ընթացքում ազգային պատկերասրահում անակնկալներ են լինում։

Հայաստանի ազգային պատկերասրահը, որի հավաքածուն ընդգրկում է ավելի քան 40 000 արվեստի գործ և 200 000 արխիվային նյութ, շարունակում է բացահայտել շուրջ մեկ դարի ընթացքում ձևավորված հարուստ ֆոնդի գաղտնիքները։

Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խոսքով, արվեստի արժեքավոր շատ գործեր պատկերասրահ են հասել առանց ստորագրությունների, նույնականացման նշանների, հեղինակների, ծագման, թվագրման վերաբերյալ փաստաթղթերի և մնացել են չբացահայտված կամ սխալ որոշարկված։

Նորագույն թվային գործիքների զարգացումը հնարավորություն է ընձեռում բացահայտումների համար և վերջին երկու տարիների ընթացքում պատկերասրահը նպատակային և համակարգված աշխատանքներ է իրականացնում և արդյունքում հաստատվել է շուրջ երեսուն գործի իսկությունը։

«Թանգարանային աշխատանք. բացահայտումներ» ցուցադրությունը ներկայացնում է վերջին տարիների հետազոտական, վերականգնման և որոշարկման աշխատանքների արդյունքում արված նշանակալի բացահայտումները, այդ թվում՝ Եղիշե Թադևոսյանի, Գոհար Ֆերմանյանի, Հակոբ Գյուրջյանի, Պարմիջանինոյի, Լուի Անկետենի, Դավիդ Շտերենբերգի և այլ հեղինակների նախկինում անհայտ գործերը։

Վերականգնման բաժնի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել են պոլսահայ նկարիչ Օհաննես Քյուրքճեանի եզակի սրբանկարը, որն ամբողջությամբ պատված է եղել սև ներկով և Մարտիրոս Սարյանի նորահայտ նատյուրմորտը, որը բացահայտվեց վարպետի 1914 թվականին ստեղծած «Գեղջկուհիները դաշտում» կտավի վերականգնման ընթացքում։

Նկարի ստորին շերտում հայտնաբերվել է նկարչի ևս մեկ ամբողջական կտավ՝ նատյուրմորտ։ Հավանաբար 1910 թվականի աշխատանք է:

«Շատ մեծ անակնկալ էր մեզ համար։ Ուղղակի հրաշք է»,– ասում է Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ Ռուզան Սարյանը։

  Լակոնիկ կտավը, որը հայտնաբերվել է հիմնական նկարի տակ, արտահայտում է Սարյանի այդ տարիների գունամտածողությունը։ Իսկ հիմնական կտավի այդ շրջանի ևս երկու էտյուդ կա Սարյանի թանգարանում։

Սարյանն այս երեք կտավները նկարել է Տամբովում, երբ ճանապարհորդում էր։

Ի դեպ,  թանգարանում ցուցադրվող այդ երկու կտավներից մեկում պատկերված է ռուս գեղջկուհի, ազգային հագուստով, որի գույները նարնջագույն, կարմիր ու կապույտ է։ 

Այդ զգեստը Սարյանը հետը բերել է Հայաստան, և այն պահպանվում է թանգարանում արդեն 122 տարի։

«Ա1+»-ի հարցին, հնարավոր չի՞, որ այդ երկու կտավներում էլ թաքնված «անակնկալներ» լինեն, Ռուզան Սարյանը ժպիտով պատասխանեց․

«Հետաքրքիր միտք տվեցիք։ Այսօր նորագույն թվային գործիքների միջոցով, իհարկե, հնարավոր է փորձել։ 1900-ականները ծանր ժամանակներ էին։ Կտավի սղության պատճառով միգուցե Սարյանը օգտագործում էր արդեն վրձնած նկարը։ Ո՞վ գիտի։ Մեզ հայտնի է, օրինակ, որ 1940-ականներին, երբ Սարյանին մեղադրում էին ֆորմալիզմի մեջ, նա իր կտավները պատառ-պատառ կտրատում էր, որպեսզի վրայից ուրիշ բան նկարի։ Այդ ճակատագրին կարող էր արժանանալ նրա գլուխգործոցներից՝ «Եգիպտական դիմակները», որը մասնատել էր չորս մասի և մեկը հասցրել էր դնել ենթաշրջանակի վրա։ Գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանը, ով այդ պահին հայտնվել էր արվեստանոցում, փաստորեն փրկեց կտավը։ Նա այդ կտորները սոսնձեց ստվարաթղթի վրա և այդպիսով փրկեց գլուխգործոցը։ Այո, արվեստի աշխարհը լի է նման առեղծվածներով»,–եզրափակելով խոսքը, ասաց տիկին Սարյանը։

Leave a comment