Բագրատ Սրբազանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստին դատարանը քննում է տնային կալանքի տակ գտնվող 4 մեղադրյալների խափանման միջոցի հարցը։
Մեղադրյալներից մեկը Արթուր Սարգսյանն է, որի տնային կալանք խափանման միջոցը փոխելուն դեմ արտահայտվեց դատախազը։ Ըստ նրա, փաստաբանի բերած այն նոր հանգամանքը, որ պարոն Սարգսյանը ընդգրկված է նախընտրական ցուցակում ու պատգամավորի թեկնածու է, ենթակա է մերժման, քանի որ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը այդ բոլոր իրավիճակները կարգավորում է։
Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 19 հոդված 9 կետի համաձայն, կալանքի տակ գտնվող կամ ձերբակալված թեկնածուները իրենց նախընտրական քարոզչությունն իրականացնում են վստահված անձանց միջոցով։ Այդ նպատակով նրանք իրավունք ունեն մինչև երկու ժամ ձերբակալվածների պահման վայրերում կամ կալանավայրերում հանդիպումներ ունենալու մինչև երեք վստահված անձանց հետ։ Տնային կալանքի պարագայում նման կարգավորում չկա, բայց տնային կալանքը և կալանքը հավասարազոր խափանման միջոցներ են՝ ըստ օրենսդրորեն։
Այսպես պատճառաբանեց դատախազը։
Նա նշեց, որ խափանման միջոցի փոփոխությունը ռիսկ է պարունակում քրեական վարույթի վրա ներազդելու։ Դատախազը միջնորդեց երեք ամիս ժամկետով երկարացնել նրա խափանման միջոցը ու պահպանել սահմանափակումները։
Նրա փաստաբանն ասաց․ «Հարգելի դատարան, ես խիստ կզարմանայի, որ մեր գործընկերներն այլ դիրքորոշում որդեգրեին»։
Փաստաբանը հարցրեց, թե ինչպես է պատկերացնում Արթուր Սարգսյանը՝ որպես պատգամավորի թեկնածու, ինչպե՞ս է շփվելու անձամբ։ Ըստ նրա, եթե խափանման միջոցը չփոխվի, սա կդիտարկվի միջամտություն ընտրական գործընթացին։
Նա ասաց, որ իր վստահորդը իր վարքագծով ապացուցել է, որ քրեական վարույթի վրա ներազդելու ռիսկ չկա։ Փաստաբանը միջնորդեց վերացնել խափանման միջոցը, բայց, ըստ նրա, եթե այդ տարբերակը չեն ընտրում, ապա հնարավորություն կա տնային կալանքը վարչական հսկողությամբ փոխելու։
Պաշտպանական կողմը 25 միլիոն դրամ գրավ է խոստանում։
Դատախազը անդրդվելի էր։
Փաստաբաններից մեկն էլ ասաց, որ սրանով ոչ միայն խախտվում է Արթուր Սարգսյանի, այլ «Հայաստան» դաշինքի իրավունքը, ու այս ամենն առհասարակ բացասաբար է ազդում ընտրական գործընթացի վրա։
Փաստաբաններից մեկն էլ, օրինակ մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ռուբեն Ռուբինյանին, ասաց՝ նրանք արձակուրդի դիմում են գրել ու երկրի կառավարման ծանր բեռը պատվիրակել են նվազ մասնագիտական կարողությամբ այլ անձանց, որպեսզի անձամբ իրականացնեն քարոզչությունը, որի հիմքում անձնապես, չանձնավորված եղանակով ընտրողի հետ հաղորդակցվելու իրավունքն է, իսկ Արթուր Սարգսյանի դեպքում այն սահմանափակված է։ Փաստաբանները դատարանին առաջարկեցին վերադարձնել հույսը արդարադատության հանդեպ, ցույց տալ, որ այն հրապարակներում չի լուծվում։
Արթուր Սարգսյանը ևս ելույթ ունեցավ, նախ շնորհավորեց Բագրատ Սրբազանի ծննդյան տոնը։
Նա ասաց, որ վստահ է՝ ոչինչ չի փոխվելու այս դատարանում, որոշումները կայացվում են կառավարության շենքից։ Ըստ նրա, այս դատարանում արդարադատություն չկա, այս ամենը քաղաքական հետապնդում է։
«Ես վստահ եմ, որ մինչև հունիսի 8-ը ես մնալու եմ կալանքի մեջ, որովհետև հունիսի 7-ին ընտրություններ են, բայց այստեղ մի հետաքրքիր բան կա, մեղադրողը որ ասում է՝ հանցանք գործելու ռիսկը իմ հանդեպ նվազել է, 10 ամիս է՝ ուզում եմ հասկանամ, էդ ի՞նչ ենք արել, որ նվազել է։
Հունիսի 7-ին արժանապատվությունը հաղթեց, մենք կարդարացվենք, հետ կգանք, սա է իրականությունը, այստեղ արդարադատություն չկա։
Ընտրական օրենսգիրքը տալիս է՝ թեկնածուները պետք է ունենան հավասար իրավունքներ, հիմա այդ հավասար պայմանները պետք է ապահովել։ Մենք չենք կարող իրականացնել քարոզարշավ, սահմանափակված է իմ ընտրվելու իրավունքը, իմ սիրելի ժողովրդի՝ իմ արժանապատիվ սիսիանցիների հետ շփվելու իրավունքը։
Հարգարժան և արժանապատիվ սիսիանցիներ, 2020 թվականին պատերազմից հետո, երբ ես հասկացա, որ Սյունիք-Սիսիան-Կապան ճանապարհը կզիջվի թշնամուն, դուրս եկա պայքարի և ասում էի՝ հեսա թուրքը գալու է, նստի Իշխանասարի գլխին, դուք ասում էիք՝ ձեզ շատ ենք սիրում, բայց ինչո՞ւ եք դուրս եկել վարչապետի դեմ, դուք քաղաքական նկատառումներով եք նման բաներ խոսում անում։ Թուրքը նստել է ոչ միայն Իշխանասարի գլխին, այլ մեր գլխին, ժողովուրդ ջան։ Հիմա էլ ասում եք՝ որտեղի՞ց գիտեիք։
Սիրելի սյունեցիներ, սիսիանցիներ, եթե հունիսի 7-ին իշխանությունները մնացին, Սյունիք չենք ունենալու, հետո չասեք որտեղի՞ց գիտեիք»,- ասաց Արթուր Սարգսյանը։
Դատարանը որոշեց՝ նրա տնային կալանքը երկարաձգել երկու ամիս ժամկետով, սակայն տնային կալանքի պայմանները փոխվեցին։ Նա տնային կալանքը կրելու է Երևանում, սույն քրեական վարույթով մասնավոր մասնակիցների, վկաների հետ շփումներ չի կարող ունենալ, մյուս սահմանափակումները վերացվելու են․ Արթուր Սարգսյանը ազատ կարող է հյուրընկալել ու շփվել այս անձանց հետ։
20 միլիոն դրամ գրավն ու բացակայելու արգելքը մնալու են անփոփոխ։
Արթուր Սարգսյանն ասաց, որ իր տաս տարվա գուշակությունները բոլորն իրականություն դարձան։
Ըստ նրա, նոր Հայաստանի նորագույն պատմության մեջ մի նորություն մտավ, պատգամավորի թեկնածուն չի կարող քարոզչություն անել, երկու ամիս հետո՝ հունիսի 7-ից հետո նոր կկարողանա ժողովրդի հետ քարոզչություն անել։
«Համբերատար եղեք»,-հորդորեց նա։
Դատարանը հակադարձեց, թե աղավաղում եք դատարանի որոշումը, կարող եք քարոզչություն իրականացնել։
Արթուր Սարգսյանը հարցրեց՝ դատարանը ո՞նց է պատկերացնում,՝ 100 հազար բնակչությանը հրավիրի իր տուն գան քարոզչությա՞ն։
«Ժողովուրդ ջան, բոլորիդ հրավիրում եմ մեր տուն իմ հետ հանդիպման, խնդրում եմ եկեք», -սկսեց կատակել Արթուր Սարգսյանը։
Դատարանը մերժեց «Սրբազան պայքարի» գործով անցնող «Հայաստան» դաշինքի ցուցակով մեկ այլ պատգամավորի թեկնածուի՝ Իգոր Սարգսյանի փաստաբանի միջնորդությունը։ ՀՅԴ անդամ Իգոր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվեց եւս 2 ամսով, սակայն նրան թույլատրվեց որպես պատգամավորի թեկնածու տանը հյուրընկալել անձանց՝ բացառությամբ դատավարության մասնակիցների։
Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մինչ այդ նշել էր, որ անհրաժեշտություն է Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունի եւ նրան ցուցված է քայլք, վազք, ինչը տնային կալանքի պայմաններում չի կարող։
Իգոր Սարգսյանն էլ նշեց, որ չէր ցանկանա առողջական խնդիրները բարձրաձայնել։ Բայց հիմա խնդիրը իրենց մեկուսացնել է’ որոշակի գործընթացներից հետ պահելու համար։
Դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: