«Տղերքն այնտեղ զոհվում են, ես ո՞նց այստեղ հանգիստ նստեմ։ Առավոտից 300 սնարյադ խփել եմ, մնում է 5 հատ էլ խփեմ ու գամ․․․». քաջորդու վերջին խոսքերը

Արցախյան վերջին պատերազմը շատ քաշաթաղցիների ոտքի հանեց, և շրջանի բոլոր բնակավայրերից կամավորականներ ու պահեստազորայիններ մեկնեցին առաջնագիծ, որտեղ նաև հարյուրավոր քաշաթաղցի ժամկետային ու պայմանագրային զինվորականներ կային։ Ցավով եմ այսօր գրում այն տղաների մասին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքի պաշտպանության համար, ովքեր դեռ տուն չեն եկել, ու անհայտ է նրանց ճակատագիրը, ովքեր ոտք ու ձեռք են կորցրել և կյանքը կշարունակեն որպես հաշմանդամ։ Վերջնական տվյալներով շրջանից այս պատերազմում զոհվել է մոտ 77 հոգի, անհայտ կորած՝ 3։

Անմահ հերոսներից է Աղավնոյի հովտի Ծիծեռնավանքի գյուղական համայնքի կազմում գտնվող Տանձուտ գյուղի 40-ամյա բնակիչ Հայկ Բորիկի Մուսայելյանը, որը եղբոր՝ Շամշադի ու Աղավնոյի հովտի այլ կամավորների հետ առաջնագիծ հասավ պատերազմի առաջին օրը՝ որպես հրետանավոր և մինչև կյանքի վերջին օրը՝ 2020թ․ հոկտեմբերի 4-ը, հերոսաբար մարտնչեց ու 2 մարտական ընկերների հետ նահատակվեց Արա լեռ ռազմական հատվածի ճակատում՝ թշնամու ԱԹՍ-ի հարվածից։

Հայկը ծնվել է 1980թ․ հուլիսի 28-ին ՀՀ Չարենցավան քաղաքում։ 1-ին և 2-րդ դասարաններում սովորել է Չարենցավանի թիվ 1 միջնակարգում, այնուհետև ուսումը շարունակել է թիվ 6-ում։ 1994 թվականին Տանձուտ գյուղը շրջանի առաջին վերաբնակեցված բնակավայրերից էր, և Բորիկ Մուսայելյանի ընտանիքը՝ Շամշադ, Հայկ և Գոռ որդիներով, Չարենցավանից տեղափոխվեց այստեղ ու մինչ տարածքի՝ թշնամուն հանձնելը մնաց ազատագրված հողի տեր։ 1994 թվականին Տանձուտում սկսեց գործել հանրակրթական դպրոց, որը Բերձորի թիվ 1 և Աղավնոյի Գ․ Նժդեհի անվան կրթօջախների հետ երրորդն էր Քաշաթաղի շրջանում և հիմնանորոգվեց «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից և անվանակոչվեց ի պատիվ Ապրիլյան Քառօրյայի անմահ հերոս Ադամ Սահակյանի։ Հայկը կրթությունը շարունակեց այս դպրոցում, որտեղ էին հաճախում նաև հարևան մի քանի գյուղերի աշակերտներ։

Դպրոցի առաջին տնօրեն Կամո Պետրոսյանը սիրով է ներկայացնում իր սանին․ «Դպրոց ընդունվեց արդեն 8-րդ դասարանում։ Առավել շատ սիրում էր շփվել տեխնիկական միջոցների հետ։ Հասարակական աշխատանքներում ակտիվ էր, և բոլորի կողմից սիրված աշակերտ, դասընկեր։ Շատ բարի ու հանգիստ բնավորություն ուներ Հայկը։ Մեծ ցավ է՝ անցյալով խոսել նրա մասին»։

Քաշաթաղի շրջանում տոն էր տղաներին բանակ ճանապարհելը, իսկ քաշաթաղցի զինվորները միշտ աչքի էին ընկնում իրենց կարգապահությամբ, հայրենասիրությամբ։ 1998թ․ հոկտեմբերի 22-ին բարձր տրամադրությամբ հայրենիքը պաշտպանելու գնացին նաև Տանձուտ գյուղից Հայկն ու գյուղապետ Վարդգես Սերոբյանի Էդիկ որդին։ Կ․ Պետրոսյանը նկարագրեց՝ ինչպես են 2 օր ու գիշեր քեֆ արել ու բանակ ուղարկել տղաներին։

Հայկը 2 տարի ծառայեց Արցախի հարավային զորամասերից մեկում՝ որպես հետախույզ ու տուն եկավ, դարձավ հայրենի Տանձուտի շենացնողներից մեկը։ Տանձուտ գյուղում այդ տարիներին գործում էր «Արցախ կաթ» գործարանի կաթի ընդունման կետ, որտեղ աշխատանքի անցավ Հայկը որպես ավագ ինժեներ։ 2018թ․ սկսեց աշխատել իրենց գյուղի մոտակայքում գործող «ԱՂԱՎՆՈ» փոքր ՀԷԿ-ում։

Հայրենիքի զինվորի համար ճակատագրական եղավ Արցախի 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը, որը մեր ազգից խլեց հազարավոր քաջորդիներ, հայրենիք։ Արցախ աշխարհի պաշտպանության համար կռվի ելավ նաև Հայկը և նահատակվեց՝ չտեսնելով իր պաշտպանած տարածքների, Արցախի մեծ մասի ու սիրելի Տանձուտի կորուստը։

2020թ․ հոկտեմբերի 8-ին իր ծննդավայր Չարենցավանի գերեզմանատանը հանգիստ գտավ հերոսի մարմինը, իսկ հոգին դեռ տարագիր է։ Նահատակվելու օրը մեծ աշխատանք էր կատարել քաջորդին, որի վերջին խոսքերն են․ «Ախպեր, սրանք են հիմար, հո ես էլ հիմա՞ր չեմ։ Տղերքն այնտեղ զոհվում են, ես ո՞նց այստեղ հանգիստ նստեմ։ Առավոտից 300 սնարյադ խփել եմ, մնում է 5 հատ էլ խփեմ ու գամ․․․»։

Հայկի եղբոր՝ Շամշադի դուստրը՝ Վարդանուշը, հորեղբորը համարում է օրինակելի անձնավորություն, որից շատ բան է սովորել։ «Նա անմիջական մարդ էր՝ մեծերի հետ՝ մեծ, փոքրերի հետ՝ փոքր։ Այս բնավորության և բոլորին օգնելու պատրաստ լինելու համար շատերն էին սիրում Հայկ հորեղբորս։ Հայրենասեր էր նա՝ հիշում եմ՝ ինչպիսի խանդավառությամբ գնաց գյուղից, որ մեկնի ճակատ։ Իր կյանքը զոհելով՝ ապացուցեց, որ քաղցր է հայրենիքը՝ Արցախ աշխարհը։ Հպարտ եմ, որ ունեցել եմ նման հարազատ, ով թողեց լավ ու բարի համբավ և նահատակվեց՝ հայրենիքի ու իր մարտական ընկերների համար։ Սերունդներին կպատմեմ հորեղբորս, նրա սխրագործությունների մասին, ում շնորհիվ միշտ բարձր եմ պահելու գլուխս։ Սերունդներին կդաստիարակեմ նրա ու բոլոր հերոսների ոգով, որ հետ բերենք Մայր հայրենիքի անբաժանելի մաս Արցախը, որ կրկին իմ ծննդավայր Տանձուտում ապրենք։ Պատերազմի դաշտում, երբ զգացմունքները խառնվում են մթության հետ, իմ կյանքը փոխվեց մի ակնթարթում։ Հայկը, իմ սիրելի հորեղբայրը, մեկնեց մարտի՝ պաշտպանելու հայրենիքը, բայց երբ նա հեռացավ, իմ սրտում թողեց մի բացակայություն, որը երբեք չի փակվի։

Նա պայքարեց հանուն մեզ, հանուն հայրենիքի, բայց երբ վերադարձավ, արդեն այլ կերպ էր՝ անմահ կերպար։ Հայկը միշտ մեզ հետ էր` իր ժպիտով, խիզախությամբ ու անկեղծությամբ, բայց պատերազմը նրան խլեց, և այժմ ինձ միայն հիշողություններ են մնացել։ Ամեն անգամ, երբ մտածում եմ նրա մասին, սիրտս ցավում է, և ինձ թվում է, թե նա դեռ այստեղ է՝ կողքիս։ Նրան բաց թողնելը սարսափելի էր, քանի որ մենք կորցրել ենք այն ուժը, որը նա էր մեզ տվել։

Նա չէր վախենում մահից, բայց չէր էլ գիտակցում, որ այդպիսով զոհվելու է՝ մեզ թողնելով միայն վիշտ և ցավ։ Գիտակցումն այն մասին, որ նա երբեք չի վերադառնա, իսկապես խորը ցավ է։ Նա ինձ սովորեցրեց, թե ինչ է նշանակում լինել ուժեղ, թե ինչպես սիրել ու աջակցել միմյանց։ Այժմ ես պարտավորված եմ ապրել նրա համար, և յուրաքանչյուր օր պայքարել նրա անունով՝ դարձնելով նրան իմ հերոսը, ով միշտ կմնա իմ սրտում։ 4 տարի ու մի հավերժ կյանք ես սպասում եմ վերադարձիդ՝ հասկանալով, որ վերադարձ այլևս չի լինելու…», -գրում է Վարդանուշը։

Հայկի ընկերոջ դուստրը՝ Ալվարդ Սերոբյանը, գրում է՝ բոլոր հոպարներից ավելի շատ սիրել է Հայկին։ «Նա ավելի շատ ընկերություն էր անում մեր՝ փոքրերիս հետ։ Բարի էր, մեր ոչ մի խնդրանք, առաջարկ անպատասխան չէր թողնում, անպայման կկատարեր։ Բոլորին օգնում էր, աջակցում։ Շատ էր սիրում երեխաներին՝ անկախ ում զավակներն են», -ասում է Ալվարդը։

Համագյուղացիներ Արևիկ Ղուկասյանն ու Վեհանուշ Արամյանը Հայկին բնորոշում են որպես կյանքով լեցուն, աշխատասեր, բարի, մշտաժպիտ, մանկան պես սիրված ու հոգատար երիտասարդի։

Հուսանք՝ կգա օրը, էլի կմիավորվենք, մեր բանակն էլի կհզորանա, և հազարավոր նահատակների տարագիր հոգիները հանգիստ կգտնեն։

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment