Ձերբակալում են Արթուր Դանիելյանին։ Այս մասին ահազանգում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Արթուր Դանիելյանը ձերբակալվում է` դատարան ներկայացնելու համար (կալանք): Մեղսագրվում է միջին ծանրության արարք` 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ ( խուլիգանություն)` ՖԲ գրառման համար»,-մանրամասնել է փաստաբանը։
Նշենք, որ Արթուր Դանիելյանը հասարակական-քաղաքական գործիչ է, հիմնել էր «Ադեկվադ» նախաձեռնությունը, հաճախ ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է աշխարհքաղաքական զարգացումների վերաբերյալ դիտարկումներ, վերլուծություններ, հակաիշխանական գրառումներ։
Այսօր առավոտյան Ա. Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր.
«Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական։ Գործ են հարուցել։ Մեղադրանք են առաջադրելու։ Չգիտեմ՝ ինչի մասին ա, էական էլ չի։ Եթե քննիչի մոտից դուրս գամ, ուղիղ եթերով կմեկնաբանեմ այս ամենը։ Բայց կոմբինացիան իրականում շատ պրիմիտիվ ա։ Ադրբեջանցիք էս 3 օր ա ընկել են կոնկրետ իմ հետևից։ Իմ հին ելույթները դրել, թարգմանել, տարածել են։ Երեք օր շարունակ մեկնաբանություններում ու անձնական մեսիջներով սպառնում են ինձ պատժել… էս գործն էլ դե պատիժն ա։ Սրանք էլ Բաքվից հանձնարարականը ստացել ու կատարում են:
Անկախ ամեն ինչից՝ ես պիտի հետևյալ անշնորհքությունը անեմ.
ուրեմն՝ ով որ իմացավ իմ վրա կարված հերթական գործի մասին ու թեկուզ մեկ գրամ վախեցավ, ընկրկեց կամ հիասթափվեց էս վիժվածքներին դատափետելու գործում, իմ կողմից քֆուրի ա արժանանում։
Ինձ օգտագործում են որպես գործիք ձեզ վախեցնելու համար (իրանք շատ լավ գիտեն, որ իմ վրա դա չի ազդի)։ Ես, հետևաբար, վախեցողի վրա քֆուր եմ դնում, շատ վատ, գռեհիկ, անդաստիարակ քֆուր! Ճիշտ կանեք դուք էլ դնեք…»։