Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են, օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է։
«Արդեն երրորդ կամ չորրորդ տարին է, որ նմանատիպ տնտեսական առաքելություններ ենք կազմակերպում: Տարեցտարի առաքելություններն ավելի հավակնոտ են դառնում, Բելգիայի կարևոր ձեռնարկություններ են գալիս Հայաստան, ինչը թույլ է տալիս համագործակցել այնպիսի կարևոր եւ բազմազան ոլորտներում, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքները, առողջապահությունը եւ տնտեսությունը,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը:
Դեսպանը հիշեցրեց, որ բելգիական դեսպանատունը Հայաստանում բացվել է 2023 թ., նրա խոսքով, իրենց մանդատի մաս է կազմում Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումը: «Ծրագիրը, որի մասին Բելգիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանն ավելի մանրամասն կներկայացնի, շատ հավակնոտ է: Բարձր մակարդակի հանդիպումներ եւ ծրագրեր են նախատեսվում: Ես ուրախ եմ, որ այսօր Հայաստանում է ձեռնարկատերերի խումբը, որն իր հետ կոնկրետ ծրագրեր է բերել»,- հավելեց դեսպան Էրիկ Դե Մույնքը՝ Առեւտրի պալատի հետ կազմակերպված միջոցառումները ներկայացնելիս:
Բելգիա- Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանի խոսքով, ներկայիս առաքելությանը նախորդել են երկու ավելի փոքր միջոցառումներ Բրյուսելում. «Հայաստանն ենք ներկայացրել, Հայաստանի առաջխաղացումն ենք արել Բելգիայում, մոտ 40 մասնակից ենք ունեցել, ինչի արդյունքում այսօր մոտ 15 ձեռնարկությունների ղեկավարներ այցելել են Հայաստան: Նրանց մասը արդեն եղել էր Հայաստանում, մի մասն էլ առաջին անգամ է այստեղ: Այն բաղադրիչները, որ առաջ ենք տանում, ներկայացնում ենք Հայաստանի վերաբերյալ, հետեւյալներն են՝ առաջին հերթին տնտեսական աճը, եթե չեմ սխալվում, մոտ 7% աճի մասին է խոսքը գնում, աստիճանական մերձեցումը Եվրամիության հետ, մեր երկու երկրների համեմատելի չափերը, ինչի արդյունքում նեթվորքինգը բավականին հեշտ է լինում։ Խորը մշակված ծրագիր ենք ներկայացնում, եւ մի շարք հանդիպումներ են տեղի ունենալու․․․»:
Վալերի Սաֆարյանը նաեւ հավելեց. «Բազմաթիվ ոլորտներ են ներկայացված այս ծրագրի շրջանակներում՝ առողջապահությունը, լոգիստիկան, շինարարությունը, IT-ն, ենթակառուցվածքները։ Բելգիական ձեռնարկությունների ղեկավարները ներդրում են կատարել հայկական հիմնադրամի մեջ՝ մոտ 2 միլիոն եվրոյի չափով: Ի դեպ, այդ մարդիկ հայկական ծագում էլ չունեն, բուն բելգիացիներ են»։
Բելգիական Ecostetyl ընկերության նախագահ Օլիվյե Դյուֆրեն նախ շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ջերմ ընդունելության համար, ապա ներկայացրեց իր ընկերությունը, որը հիվանդանոցային թափոնների վերամշակմամբ է զբաղվում. «Մենք ստեղծում ենք մեքենաներ, որոնք հնարավորություն են տալիս էկոլոգիապես մաքուր ձեւով վերամշակել հիվանդանոցային թափոնները եւ զերծ մնալ այրումից: Ուզում ենք հնարավորություն տալ այստեղ էլ արտադրել այնպիսի տեխնիկաներ, որոնք կլինեն ավելի էկոլոգիական եւ պակաս ծախսատար, հանրային եւ հիվանդանոցային ոլորտներին հնարավորություն տալ թափոնները վերամշակել հենց հիվանդանոցային շրջանակում»:
Նա ընդգծեց, որ այս ուղղությամբ արդեն աջակցել են շուրջ 100 երկրի:
Ասուլիսն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: