Տեղահանված արցախցիները չեն կարողանում բնակապահովման պետական ծրագրի շրջանակներում տուն ձեռք բերել. Գեղամ Ստեփանյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշում է, որ բռնի տեղահանված արցախցիները չեն կարողանում բնակապահովման պետական ծրագրի շրջանակներում տուն ձեռք բերել։

«Հասկանալու համար, թե որքան բարդ, իսկ շատ դեպքերում՝ պարզապես անիրատեսական է տեղահանվածների համար գործող բնակարանային ապահովման պետական ծրագրի շրջանակներում բնակարան կամ տուն ձեռք բերելը, ներկայացնում եմ փոքր ուսումնասիրություն։

Ուսումնասիրել եմ Հայաստանի բոլոր 10 մարզերում List.am հարթակում տեղադրված անշարժ գույքի վաճառքի հայտարարությունները։ Երևանը դիտարկման մեջ չեմ ներառել, քանի որ ներկայիս գների պայմաններում Երևանում այս ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելը գործնականում անհնար է՝ առանց գումար ավելացնելու կամ հավելյալ վարկավորման։

Ինձ հետաքրքիր  էր պարզել, թե մարզերում վաճառքի ներկայացված անշարժ գույքի հայտարարություններից քանիսն են տեղավորվում տեղահանված ընտանիքներին տրամադրվող հավաստագրի արժեքի շրջանակում։

Հաշվարկի համար վերցրել եմ 4 և 5 հոգանոց ընտանիքները՝ պայմանականորեն ընդունելով, որ մեկ անձի հաշվով հավաստագրի միջինացված արժեքը կազմում է 4 մլն դրամ։ Այսինքն՝ 4 հոգանոց ընտանիքի համար՝ 16 մլն դրամ, իսկ 5 հոգանոց ընտանիքի համար՝ 20 մլն դրամ։

Արդյունքը բավական խոսուն է։

Հայաստանի 10 մարզերում անշարժ գույքի վաճառքի վերաբերյալ առկա է ընդհանուր 8770 հայտարարություն։ Դրանցից՝

• ընդամենը 1028 գույք է առաջարկվում մինչև 16 մլն դրամ արժեքով,

• 1587 գույք՝ մինչև 20 մլն դրամ արժեքով։

Այսինքն՝ նույնիսկ հայտարարությունների քանակի պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ առաջարկի զգալի մասը (82%) դուրս է տեղահանված ընտանիքներին հասանելի ֆինանսական շրջանակից։ Մանրամասները՝ ըստ մարզերի, կարող եք տեսնել կից գրաֆիկում։

Գույքերի լուսանկարները չեմ հրապարակում, սակայն կարող եմ ասել, որ այդ գնային շրջանակում ներկայացված գույքերի զգալի մասը գտնվում է կիսակառույց, վերանորոգման կարիք ունեցող կամ ընդհանուր առմամբ անմխիթար վիճակում։ Ցանկության դեպքում յուրաքանչյուրը կարող է մտնել հարթակ և ինքնուրույն համոզվել։

Խնդրի մասշտաբն ավելի ակնհայտ է դառնում, երբ դիտարկում ենք արդեն ծրագրի փաստացի արդյունքները։ Այս պահին շուրջ 3700 ընտանիք արդեն իր ձեռքում ունի բնակարանային հավաստագիրը, սակայն չի կարողանում այն իրացնել։ Ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 8500 հավաստագիր, որոնցից իրացվել է մոտ 4800-ը։ Հավաստագիրը իրացրած ընտանիքների ներկայացուցիչների հետ զրույցներից էլ պարզ է դառնում ընդհանուր պատկերը, նրանք կամ մեծ կազմով ընտանիքներ են, կամ հավելյալ վարկ են վերցրել, կամ էլ ճարահատյան ձեռք են բերել բնակարան վատ կենցաղային պայմաններով։

Եզրակացությունը բավական պարզ է․ երկրորդային շուկայում առկա առաջարկը չի համապատասխանում տեղահանված ընտանիքների կարիքներին՝ թե՛ հասանելի գույքի քանակի և որակի, թե՛ դրանց արժեքի տեսանկյունից։ Իսկապես ափսոս է պետական միլիարդավոր միջոցները ծախսել նման որակի բնակարանների վրա։

Հետևությունն էլ նույնքան հստակ է․ առանց ծրագրում կառուցապատման բաղադրիչի էական բարելավման և նոր կառուցապատման խրախուսման՝ հազարավոր տեղահանված ընտանիքներ կարող են տարիներով մնալ բնակարանային խնդրի առջև, նույնիսկ եթե նրանք դիմեն ծրագրին և ստանան հավաստագիր։

Հ․Գ․ Փոքր կազմով ընտանիքների՝ հատկապես 1-3 հոգանոց ընտանիքների համար խնդիրը, հաշվի առնելով տրամադրվող գումարի չափը, առավել սուր է։

Հ․Գ․ 2․ Կա նաև տեղեկատվության լուրջ պակաս։ List.am-ը, իհարկե, Հայաստանում անշարժ գույքի վաճառքի միակ հարթակը չէ, սակայն այն ամենաամբողջական հարթակներից է։ Կառավարությանը բազմիցս առաջարկել ենք կատարելագործել bnakavayr.am հարթակը և այնտեղ հասանելի դարձնել տարբեր համայնքներում առկա բնակարանների և տների վերաբերյալ ամբողջական ու թարմ տեղեկատվություն։ Այս խնդիրը հնարավոր է բավական հեշտությամբ լուծել՝ ապահովելով համայնքապետարանների ակտիվ մասնակցությունը և նրանց կողմից առկա գույքի մասին տվյալների պարբերական տրամադրումը»,-գրել է Ստեփանյանը։

Leave a comment