Քաղաքականություն
06.10.2026 | 18:49
Ֆրանսիայում հոկտեմբերի 6-ին երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայությամբ «Վիժիլան» ատոմային սուզանավից իրականացվել է M51.3 ռազմավարական բալիստիկ հրթիռի առաջին փորձնական արձակումը։ Այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը։
Փորձարկման ընթացքում հրթիռը միջուկային մարտագլխիկ չի կրել, թեև նախատեսված է այն կրելու համար։ Հրթիռն ընկել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում՝ ափից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա։
Մակրոնը հրապարակել է արձակման տեսանյութը՝ նշելով, որ այն դիտել է «Օվերն» ֆրեգատի տախտակամածից։
«Շատ քիչ երկրներ ունեն նման մակարդակի վարպետություն»,- նշել է նա։
Ֆրանսիայի նախագահը հրթիռի արձակումն անվանել է «զսպման համակարգի հուսալիության հերթական ցուցադրություն»։
«Ազատ լինելու համար պետք է վախ ներշնչել։ Իսկ վախ ներշնչելու համար պետք է ուժեղ լինել»,- գրել է Մակրոնը։
Նոր հրթիռը M51 ռազմավարական բալիստիկ հրթիռի արդիականացված տարբերակն է՝ մինչև 10 հազար կիլոմետր թռիչքի հեռահարությամբ։
Ֆրանսիան ԵՄ միակ երկիրն է, որն ունի միջուկային զինանոց։ Երկրի իշխանությունները հայտարարել են ԵՄ մի շարք այլ երկրների վրա իրենց «միջուկային հովանոցը» տարածելու պատրաստակամության մասին։ Ռազմավարական սուզանավերը կազմում են Ֆրանսիայի միջուկային ուժերի հիմքը։
Մակրոնը գարնանը հայտարարել էր, որ աշխարհում ռազմավարական անկայունության ֆոնին Ֆրանսիան կավելացնի իր միջուկային զինանոցը, ինչպես նաև կընդլայնի միջուկային զսպման ոլորտում համագործակցությունը եվրոպական այլ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի հետ։ Որպես այս որոշման պատճառ նա նշել էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող լայնածավալ պատերազմը, Չինաստանի ռազմական հզորության աճը և ԱՄՆ-ի պաշտպանական քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի