Եկեղեցու գործով իշխանությունը կարծես թե հետագա «ճանապարհային քարտեզի» բարդություն ունի․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Ընդդիմադիր խմբակցությունները ճիշտ որոշում կայացրին՝ հրաժարվելով մաս կազմել եկեղեցու մասին այդ քննիչ հանձնաժողովին, որ ստեղծում է խորհրդարանական մեծամասնությունը։ Ընդդիմադիր Ուժեղ Հայաստան եւ Հայաստան ֆրակցիաները չհայտնվեցին պրիմիտիվ թակարդում։

Քննիչ հանձնաժողովի ստեղծումը, ըստ իս, որոշակի թակարդային իրավիճակ է մատնում իշխանության համար։ Մեծ հաշվով, իշխանությունը ունի կարծես թե հետագա «ճանապարհային քարտեզի» բարդություն, եւ քննիչ հանձնաժողովով փորձում է առնվազն շահել մի քանի ամիս ժամանակ, իր հետագա քայլերը հասկանալու համար։

Սա իհարկե չպետք է հասկանալ իբրեւ առհասարակ որեւէ քայլի վերաբերյալ պատկերացում չունենալու իրավիճակ։ Ոչ, իշխանությունը կունենա որոշակի սցենարներ, պլան Ա, Բ, կամ Գ ու Դ, բայց հարցն այն է, որ ներկայումս երեւի թե չունի պատկերացում, թե որով է ուզոմ շարժվել առաջ, եւ քննիչ հանձնաժողովով փորձում է շահել ժամանակ։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ գուցե սպասում են արտաքին միջավայրում որոշակի փոփոխությունների, կամ կողմնորոշիչ զարգացումների։

Այստեղ շատ կարեւոր է, որպեսզի ժամանակն արդյունավետ օգտագործի ոչ միայն ՀԱԵ-ն, որն իհարկե պետք է շարունակի իր դիրքերը ամրացնելու ասիմետրիկ, հանդարտ, առանց որեւէ ճակատային դիմակայության աշխատանքը, այլ նաեւ հանրությունը։ Խոսքն այն մասին է, որ եկեղեցու թեման բացի իշխանության մոտեցումներին հակազդեցության բովանդակությունը, թերեւս կարիք ունի ընդգրկուն հասարակական ներառականությամբ հագեցման։ Մի ներառականություն, որի շրջանակում իշխանության քաղաքական նկրտումներն ու հավակնությունները գլխավոր առարկան չեն, եւ առհասարակ՝ միավորող, մոբիլիզացնող առարկան չեն, այլ առարկան է հայկական պետականության տեսանելի ռազմավարական հեռանկարն ու այդ համապատկերում եկեղեցու էքզիստենցիալ դերակատարումը»։

Հիշեցնենք՝ ՔՊ-ականները եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով կստեղծեն, 62 ՔՊ-ական պատգամավոր կողմ է քվեարկել նախագծին։

ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները բոյկոտել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով նիստը։

Leave a comment