Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ակցիաները շարունակվում են արդեն երրորդ շաբաթը։ Դրանց ընթացքում տուժել է առնվազն 190 աշակերտ և ուսումնական հաստատությունների 78 աշխատակից, հայտնել է երկրի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆֆրը։ Reuters-ի փոխանցմամբ՝ նախարարի խոսքով՝ մոտ երկու տասնյակ դպրոց այրվել կամ ավերվել է, գրում է The Insider-ը։
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լանս քաղաքում ցուցարարների և ոստիկանության բախումների ժամանակ 15-ամյա դեռահասը կորցրել է ձեռքը։ Տեղական La Voix du Nord պարբերականի հաղորդմամբ՝ տղան վերցրել է ամբոխը ցրելու համար ոստիկանության կիրառած նռնակը, որը պայթել է, ինչի հետևանքով դեռահասը կորցրել է ձեռքի ափն ու նախաբազկի մի մասը։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին՝ դպրոցական արհմիության կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում։ Ցուցարարները բողոքում են անբավարար ֆինանսավորումից, դասարանների գերբեռնվածությունից և ուսումնական հաստատությունների անմխիթար վիճակից։ Պա-դը-Կալե դեպարտամենտի պրեֆեկտը, որի տարածքում գտնվում է Լանսը, հայտնել է, որ 200-250 ցուցարարներ ոստիկանների ուղղությամբ տարբեր առարկաներ են նետել։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ամբողջ երկրում բերման է ենթարկվել 5060 մարդ, որոնց 87 տոկոսը անչափահասներ են։ 1800 անձի, այդ թվում՝ 1483 անչափահասի նկատմամբ հետաքննություն է իրականացվում։ Եվս 790 հարուցված գործ կարճվել է։
Իրավապաշտպան կազմակերպությունները ոստիկանությանը մեղադրում են անչափահասների նկատմամբ կոշտ մեթոդներ կիրառելու մեջ, այդ թվում՝ մահակների, արցունքաբեր գազի և ոչ մահաբեր զենքի օգտագործման։ Ոստիկանության գործողությունների մի շարք հետաքննությունների շրջանակում իշխանությունները ուսումնասիրում են նաև 16-ամյա դեռահասի աչքի վնասվածքի դեպքը։ Նրա ընկերների խոսքով՝ ոստիկանները ցուցարարների ամբոխի ուղղությամբ ռետինե փամփուշտներ են արձակել։
Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ֆրանսիայում երեքշաբթի հազարավոր աշակերտներ կրկին շրջափակել են ավագ դպրոցները, իսկ մեծահասակները միացել են երթերին՝ աջակցություն հայտնելով արդեն մի քանի շաբաթ շարունակվող շարժմանը։ Լիոնում և Ստրասբուրգում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են գրանցվել, իսկ Փարիզի փողոցներում սպասվում է մինչև 40 հազար մարդու մասնակցություն։
CGT արհմիության գնահատմամբ՝ Փարիզը չհաշված, Ֆրանսիայի ամբողջ տարածքում անցկացվող հանրահավաքներին մասնակցել է 260 հազար ցուցարար։ Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունը մասնակիցների թիվը գնահատել էր 86 հազար։
Կրթության նախարարության՝ մամուլին ուղարկած հայտարարության համաձայն՝ երեքշաբթի Ֆրանսիայի 3700 ավագ դպրոցներից 891-ում դասերը «տարբեր պատճառներով ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցվել են»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի