Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ՄԵԳԱՏԵ-ի ղեկավար Գրոսսին հայտարարում է, որ Իրանը, լինելով միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ, ունի ուրանի հարստացման իրավունք:
Փաստացի, ՄԵԳԱՏԵ-ի ղեկավարը հայտարարում է, որ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի կոշտ պահանջներն անհիմն են: Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ն Իրանից պահանջում է ազատվել հարստացված ուրանից և այլևս չհարստացնել: Մյուս կողմից, Գրոսսի հայտարարությունը կարող է վկայել տրամադրությունների որոշակի փոփոխության մասին, հատկապես, եթե հաշվի առնենք Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հայտարարությունը:
Ֆիդանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ փոխզիջման և համաձայնելուն, որ Իրանը հարստացնի ուրան: Ինչի՞ հիման վրա էր Ֆիդանի այդ «լավատեսությունը», դժվար է ասել, նա չի ներկայացրել մանրամասներ, սակայն կարծում եմ, որ այն մարդը չէ, որն անի պատահական հայտարարություններ:
Հատկանշական է նաև նախօրեին Նաթանյահուի հետ բանակցությունից հետո Թրամպի այն հայտարարությունը, թե ինքը պնդել է, որ պետք է շարունակել բանակցել Իրանի հետ: Սա նշանակում է, որ Նաթանյահուն փորձել է Թրամպին համոզել հակառակը, իսկ գուցե նաև համոզել, որ պետք չէ Իրանին թույլ տալ ուրանի հարստացում: Հարցն այն է, որ Ֆիդանը խոսել էր նաև Իրանի փոխզիջման պատրաստակամության մասին: Միաժամանակ հայտնի է, որ Իրանը Գերագույն հոգևոր առաջնորդի մակարդակով հայտարարում է, որ չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից:
Եթե իրապես լինի փոխզիջում, ինչը իհարկե շատ ցանկալի է նաև Հայաստանի համար, ապա տարբերակները, կարծես թե, կարող են լինել երկուսը՝ կամ վերահսկողական ինչ-որ կառույցի մասով, կամ կոմերցիոն համատեղության: Բոլոր դեպքերում, եթե այս հարցում Նաթանյահուն չհաջողի, ապա դրանից կշահեն թերևս բոլոր ողջախոհ մարդիկ»: