Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք

Մեղրիի Օհանջանյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են տան տանիքն ու երկրորդ հարկը՝ ընդհանուր շուրջ 200 քմ մակերեսով։ Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի առաջին հարկ և հարևան տներ։

ՆԳՆ ՓԾ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20։52-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի Օհանջանյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ առկա է հրդեհի տարածման վտանգ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ագարակի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։40-ին, մարվել՝ հոկտեմբերի 6-ին ժամը 00։38-ին։ Այրվել են երկհարկանի տան տանիքը և երկրորդ հարկը (ընդհանուր մոտ 200 քմ)։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի առաջին հարկ և հարևան տներ»։

Leave a comment