Սաուդյան Արաբիայում 2 օդանավակայան է վնասվել հութիների հարձակումներից, տուժածներ կան

Բաժանորդագրվել

Ավելի վաղ օդանավակայանին հասցված հարվածների մասին հայտնել էին հութիները, սակայն տեղական իշխանությունները չեն ասում, թե ով է կանգնած հարձակումների հետևում։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Սաուդյան Արաբիայի հարավում երկու օդանավակայան է վնասվել Եմենի հութիների հարձակումների հետևանքով, հաղորդում է Al Jazeera-ն։

Հոկտեմբերի 5-ին հութիները հայտնել էին Էր Ռիադի և Աբհայի օդանավակայաններին հասցված հարվածների մասին։ Ավելի ուշ Սաուդյան Արաբիայի քաղավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել է Նաջրան և Ջիզան քաղաքների օդանավակայանների վրա հարվածների հետևանքով տուժածների մասին։ Օդանավակայանի ենթակառուցվածքները «նյութական վնաս» են կրել։ Հաղորդվել է նաև Ռաբհայում գտնվող Aramco ընկերության նավթավերամշակման գործարանը խոցելու մասին։

Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի ռազմածովային ուժերը հարվածել էին հութիների օբյեկտներին Կարմիր ծովի ափին գտնվող Հոդեյդա եմենական նահանգում։

Ավելի վաղ միջազգայնորեն ճանաչված Եմենի կառավարության ուժերը հայտարարել էին, որ իրենց վերահսկողության տակ են վերադարձրել հութիների կողմից գրաված Կարմիր ծովի ափին գտնվող Մոչա նավահանգստային քաղաքը, ինչպես նաև Բաբ էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող տարածքները։ Գործողությանը օդային աջակցություն են ցուցաբերել Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ուժերը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին հութիները գրավել էին Եմենի Կարմիր ծովի ողջ ափամերձ գիծը՝ ընդհուպ մինչև Բաբ էլ-Մանդեբի նեղուցը։

Leave a comment