Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի գրառումը.
«Պատմական որոշ իրադարձություններ, իրենց հատուկ խորությամբ, դուրս են գալիս զուտ պատմա-քաղաքական իրադարձությանց սահմաններից՝ հավակնելով դառնալ աստվածային հայտնություն։ Վարդանանց դրվագը այդպիսի մի օրինակ է։ Այն մեզ դեմ-հանդիման կանգնեցնում է ոչ միայն անցյալում տեղի ունեցած մի գոյամարտի, այլև՝ ճշմարտության առաջ. խղճի ազատությամբ և նահատակության լռությամբ։
Քրիստոնեական հավատքը երբեք էլ չի եղել սոսկ մշակութային պատկանելիություն կամ ազգային ինքնության արտաքին երիզ։ Այն հանդիպում է մարդու ներքին կենտրոնին՝ խղճին, որտեղ մարդը դեմառդեմ հարաբերվում է Աստծու հետ։
Երբ «կենտրոնը» թելադրում է հավատուրացություն, հարցը դառնում է ոչ թե քաղաքական նպատակահարմարության, այլ՝ ճշմարտության մասին։ Վարդանանց ընտրությունը հենց այս նպատակակետում է. նրանք պաշտպանեցին ոչ միայն ավանդույթը, այլ՝ ճշմարտությունը. այն է՝ մարդը չի կարող ծառայել այն իշխանությանը, որը հավակնում է տնօրինել նրա հավատքը։
Այստեղ բացահայտվում է նաև իշխանության սահմանը։ Քաղաքական իշխանությունը, որքան էլ որ անհրաժեշտ է հասարակական կարգի համար, այդուհանդերձ, չի կարող դառնալ խղճի ինքնավարը։
Երբ այն փորձում է ներխուժել այն տարածք, որը ըստ էության պատկանում է Աստծուն, ծագում է վկայության անհրաժեշտություն։ Նահատակությունը դառնում է ոչ թե բռնության պատասխան կամ՝ դրսևորում, այլ՝ ճշմարտության հաստատագրում, սիրո և անգամ մահվան միջոցով։
Այդպիսով՝ պատմական մակարդակում Վարդանանց «պարտությունը» հավիտենական հորիզոնում վերածվում է հաղթանակի։ Պարզ պատճառով, որովհետև ճշմարտությունը ռազմական արդյունքով չի չափվում կամ՝ սահմանվում։
Նույն տրամաբանությունն է նաև Խաչի խորհրդի պարագայում։ Քրիստոսի «պարտությունը» Գողգոթայում աշխարհիկ չափորոշիչներով վախճան էր, սակայն հենց այդ կատարածին բացահայտվեց Աստծու հաղթանակը։ Վարդանանց վկայությունը որոշ առումով մասնակցություն էր այդ նույն խորհրդին․ նրանք ընդունեցին, որ ճշմարտությունը չի կարող պահպանվել սակարկությամբ, բայց միայն հավատարմությամբ, ինչպես որ մեկնաբանում է Եղիշե պատմիչը։
Ըստ այդմ՝ պատերազմը ոչ թե աշխարհիկ գերիշխանության, այլ «հավատի և հայրենիքի» պաշտպանության համար էր։ Որտեղ «հայրենիքը» չի սահմանափակվում միայն տարածքով․ այն վերացարկվում է հանձնառության և ուխտի, որտեղ ժողովուրդը կոչված է ապրել աստվածային ճշմարտության մեջ։
Այսպիսով, Վարդանանց ձեռքբերումը չի սահմանափակվում գեթ կրոնական ինքնության պահպանմամբ։ Այն ցուցանում է, որ ազգի իրական նախադրյալն ու հենարանը ոչ թե ուժն է, այլ՝ ճշմարտության հանդեպ հավատարմությունը։ Երբ ժողովուրդը հավատարիմ է մնում այն լույսին, որն ստացել է Ավետարանից, նա չի կորցնում իր ինքնությունը, անգամ եթե կորցնում է կյանքը։
Հետևապես Վարդանանց խորհուրդը մեզ հիշեցնում է մի պարզ, բայց և խորին ճշմարտություն․ քաղաքական իշխանությունը անցողիկ է, իսկ ճշմարտությունը՝ մշտնջենական։ Եվ այնտեղ, որտեղ մարդը ընտրում է ճշմարտությունը՝ նույնիսկ կյանքի գնով, իրականությունը դառնում է վկայություն և փրկության պատմություն»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: