Շաքի բնակավայրի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանն այս քանի օրը իսկական մաստեր-կլաս ցույց տվեց, թե ինչպիսին չպետք է լինի վարչական ղեկավարը, որն ըստ էության նախկին գյուղապետի պաշտոնն է։
Իսկ դա նշանակում է, որ այդ պաշտոնը ստանձնած մարդը պետք է մի ամբողջ համայնքի և դրա բնակչության անվտանգության ու բարեկեցության համար հոգ տանի և առաջնային համարի համայնքում առկա խնդիրների լուծումը։
Այնինչ Շաքիի բնակավայրի ղեկավարի պաշտոնը ստանձնած պարոն Մանուչարյանն այս օրերին ադրբեջանցի զինծառայողի կողմից համայնքում բնակվող հայկական ընտանիքի դեմ ահաբեկչական գործողությունը լրատվամիջոցներին այնպես է ներկայացրել, ասես գյուղի ուսուցչուհին մի ապտակ է հասցրել աշակերտներից մեկին՝ իրեն կոպտելու համար, և պատմությունը դրանով էլ ավարտվել է։ Ավելին, տարբեր լրատվամիջոցների վարչական ղեկավարն այնպիսի տեղեկություններ է տրամադրել, որ ակնհայտ է դառնում՝ նա բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, որպես համայնքի ղեկավար գաղափար չունի, թե իրականում ինչ է տեղի ունեցել և ինչ հետևանքներով. նա անգամ զբաղվածությանը հղում անելով՝ չի էլ շտապել տուժած ընտանիքին տեսության գնալ առաջիններից։
Նա դեսից-դենից իր լսածները ներկայացրել է որպես իրողություն, անգամ կասկածներ հայտնել հայ կնոջ՝ Անի Ավետիսյանի վրա կրակած և նրա զավակներին պատանդառած երիտասարդի ազգային պատկանելության վերաբերյալ։ MediaHub-ի հետ զրույցում ևս վարչական ղեկավարը զարմացավ, թե ո՞վ է ասել, որ նա ադրբեջանցի է և դեռ զինվորական։ Նրա սհավաստմամբ՝ ինքն անձամբ է տեսել այդ երիտասարդին ուժայինների կողմից բերման ենթարկվելու պահին, և նրա հագին զինվորական հագուստ չի եղել, քաղաքացիական հագուստ է եղել և ավտոմատ։ Եվ դա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն արդեն հայտարարությամբ տեղեկացրել էր, որ կնոջ վրա կրակած երիտասարդը ադրբեջանցի զինվորական է, որը փախել է զորամասից, անօրինականորեն հատել Հայաստանի սահմանը և ի վերջո հասել Շաքի գյուղ, որտեղ էլ տեղի է ունեցել ցավալի դեպք, ինչը գյուղապետը համարում է «լվից ուղտ սարքած» պատմություն։
Այո, նա մեզ հետ զրույցում հենց այդպես էլ ասաց, թե մենք՝ լրագրողներս, սիրում ենք լվից ուղտ սարքել և հիմա այս պատմության մեջ էլ արտառոց ու սենսացիոն մանրամասներ ենք փնտրում։ Այնինչ, երբ հենց այդ նույն լրատվամիջոցների շնորհիվ պարզվեց, թե իրականում ինչ է եղել Շաքի գյուղում՝ Անի Ավետիսյանի ընտանիքին պատկանող տանը, պարզ դարձավ, որ իրականում այդ պատմությունը կարող էր ողբերգական ավարտ ունենալ։ Ադրբեջանցի զինվորականի ձեռքը չի դողացել երեխաների ուղղությամբ փամփուշտ արձակել ու հետո կրակել նրանց մորը։ Միայն երջանիկ պատահականությամբ ու համարձակ մոր՝ ադրբեջանցուն զինաթափ անելու ճարպկության շնորհիվ հայ երեխաները ու նրանց մայրը կյանքից չեն զրկվել։
Համայնքի ղեկավարը պետք է առաջինը իմանար դեպքի մանրամասները, լիներ տուժածների կողմից և ահազանգեր իրավապահների անգործության մասին, ինչի հետևանքով իր համայնքում այդպիսի դեպք եղավ։ Նա պետք է իմանար, թե ինչպես է փախած ադրբեջանցի զինվորականը հանգրվանել նրանց կողպված տանը՝ կոտրելով պատուհանը, և տնավորվել այնտեղ, սնվել՝ իր համար սպագետի սարքելով ու խորդանոցից կոմպոտ հանելով, գիշերել բազմոցին, իր զինվորական համազգեստը փոխարինել ավագ տղայի հագուստով, որպեսզի աննկատ մնա, և հետո պատանդ վերցրել իրեն հանկարծակիի բերած անչափահաս երեխաներին, փորձել կրակել նրանց վրա, և միայն նրանց մոր միջամտության շնորհիվ վրիպել, ու մոր մատներն է կտրել փամփուշտով, իսկ հետո կրակել Անի Ավետիսյանին ազդրին։ Այսօր բժիշկները պայքարում են նրա ոտքը փրկելու համար՝ արդեն մի քանի վիրահատության ենթարկելով կնոջը։ Իսկ դեպքին ականատես նրա երեք երեխաները հոգեբանական վատթար վիճակում են և հոգեբանի հսկողության ներքո։
Մի ամբողջ ընտանիքի ճակատագիր է խեղվել, իսկ Շաքիի գյուղապետը դա որպես սովորական եղելություն է ներկայացնում՝ բոլորովին չպատկերացնելով դեպքի լրջությունը և չհասկանալով, որ իր ղեկավարած համայնքը լուրջ վտանգի է ենթարկվել, ինչը փաստում է, որ համայնքի բնակչությունը նման հարձակումների թիրախում է հայտնվել։ Իսկ մեզ Ռուբեն Մանուչարյանը հավաստիացնում է, թե գյուղում որևէ խուճապ չկա, մարդիկ շարունակում են իրենց առօրյա կյանքը, ասես հարևան Գևորգ հորեղբոր կովն է սատկած հորթուկ ծնել։
«Գյուղում ոչ խուճապ կա, ոչ էլ անհանգստություն։ Մարդիկ բնականոն աշխատում են, մանկապարտեզն ու դպրոցը` նույնպես։ Ի՞նչ է պատահել, որ մի հատ էլ խուճապ լինի։ Երբ դեպքը տեղի ունեցավ, ես ինքս էլ զգուշացրել եմ, որ զգոն լինեն, քանի որ կարող է զինված մեկը լինել։ Ոչ մեկ չգիտեր՝ ադրբեջանցի է, թե ոչ։ Վախ չկա գյուղում, առհասարակ էլ բոլորիս դռները բաց են, ինչի՞ց պետք է վախենանք։ Մարդիկ Երևան գնալիս են միայն դուռը փակում բանալիով»,- լրատվամիջոցներին ասել է վարչական ղեկավարը՝ շտապելով գովերգել իրավապահներին, թե այդ նրանք են զինաթափել ադրբեջանցուն։
Այնինչ երեխաների կյանքի համար անհանգստացած մոր հերոսական պայքարի շնորհիվ էր, որ սահմանն անօրինականորեն հատած զինծառայողն ուժասպառ եղել և այլևս ի վիճակի չէր զենքը կիրառել։ Ինչևէ, Շաքի համայնքի բախտը երևի չի բերել, որ նման անհոգատար համայնքապետ ունեն, և այս դեպքը նրանց պետք է մտորելու տեղիք տա, թե ո՞ւմ կուզեն իրենք տեսնել իրենց գյուղապետի պաշտոնում՝ մեկին, որ իրապես կանհանգստանա համայնքի բնակիչների կյանքի ու անվտանգության համար և ուժայիններին ոչ թե կգովերգի, այլ կնախատի նախապես իր համայնքի բնակիչներին զգոնության կոչ չանելու, հնարավոր վտանգի մասին չնախազգուշացնելու, ինչպես նաև ոչ օպերատիվ գործելու և պատահարը չկանխելու համար։
Թագուհի Ասլանյան