«Մենք դատարան չենք, մենք քննարկում ենք հարցեր»․ Մարիա Կարապետյանը՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովի աշխատանքի մասին

«Մենք դատարան չենք, մենք քննարկում ենք հարցեր։ Մեր բոլոր պատգամավորները պետք է հաշվի առնեն, որ օգոստոսի 2-ից սկսած՝ իրենց բոլոր արարքները կարող են 6 ամիս ժամկետի ընթացքում լինել ուշադրության ներքո, բերվել հանձնաժողովի ուշադրության ներքո։ Եվ սեպտեմբերի 24-ն է կարևոր օր, որովհետև այդ օրն Էթիկայի հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը, հետևաբար սեպտեմբերի 24-ից է, որ Էթիկայի հանձնաժողովը կարող է դիմում ընդունել և քննարկել»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Մարիա Կարապետյանը։

Հանձնաժողովն ունի 10 անդամ՝ 5-ը իշխանական խմբակցությունից, 5-ը՝ ընդդիմադիրներից։

Էթիկայի հանձնաժողովը դիմումը ստանալու պահից ի վեր իր քննարկումը պետք է ավարտի մեկ ամսվա ընթացքում, բայց հանձնաժողովն ունի հնարավորություն իր իսկ որոշմամբ իր քննարկման ժամկետը երկարաձգելու ևս մեկ ամսով։ Հանձնաժողովում դիմումի քննարկումը կասեցվում է, եթե կան զուգահեռ քաղաքացիական, քրեական, վարչական գործեր։

«Առհասարակ Էթիկայի հանձնաժողովի գործելը մեծապես կախված է լինելու պատգամավորների կամքից, և այս կամքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար է, որ մենք Էթիկայի հանձնաժողովը ստեղծել ենք որպես պարիտետային հանձնաժողով։ Այն ունի հավասար թվով անդամներ կառավարող խմբակցությունից և երկու ընդդիմադիր խմբակցություններից՝ միասին վերցրած, նախագահությունն էլ ռոտացիոն է։ Իրականում Էթիկայի հանձնաժողովի իրավազորության շեմը շատ ցածր է․ բավական է, որպեսզի 3 պատգամավոր ներկայանա նիստին, և նիստը կարող է սկսվել։ Այլ բան, որ այդ նիստը որոշում չի կարող կայացնել, քանի դեռ քվեարկության պարագայում անհրաժեշտ է, որ 5 հոգի «կողմ» քվեարկի՝ նախագահի որոշիչ ձայնով։ Այսինքն՝ 5 և 5 եթե կիսվեն ձայները, նախագահի ձայնը որոշիչ կլինի»։

Հանձնաժողովի անդամների լիազորություններն ու պարտականությունները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment