Ֆիզիոլոգիայի և բժշկագիտության Նոբելյան մրցանակը շնորհվել է երեք գիտնականի (PAN.am)

2026 թվականի ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Կառլ Դայսերոթին, Պետեր Հեգեմանին և Գեորգ Նագելին՝ «լույսով կառավարվող իոնային անցուղիներին և օպտոգենետիկային վերաբերող հայտնագործությունների» համար։ Դափնեկիրների անունները հրապարակվել են Ստոկհոլմում հոկտեմբերի 5-ին, հայտնում է Deustche Welle-ն:

«Պետեր Հեգեմանը և Գեորգ Նագելը միաբջիջ ջրիմուռում հայտնաբերել են զարմանալի սպիտակուց՝ անցուղային ռոդոպսին։ Կառլ Դայսերոթն այդ սպիտակուցը վերածել է նյարդային բջիջների համար լույսով կառավարվող անջատիչի։ Դափնեկիրները հիմք են դրել նյարդագիտության նոր դարաշրջանին», – նշվում է է Կարոլինյան ինստիտուտի Նոբելյան ասամբլեայի հաղորդագրությունում։

Ինստիտուտից հավելել են, որ օպտոգենետիկան մեթոդ է, որը հնարավորություն է տալիս «ցույց տալ, թե ինչպես են նյարդային բջիջները կենդանի ուղեղում ձևավորում հիշողությունները, զգացմունքները և վարքագիծը»։

Պետեր Հեգեմանն աշխատում է Բեռլինի Հումբոլդտի համալսարանում, իսկ Գեորգ Նագելը՝ Գերմանիայի Վյուրցբուրգի համալսարանում։ Կառլ Դայսերոթը գիտական գործունեություն է ծավալում Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտում և Սթենֆորդի համալսարանում։

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտի մրցանակակիրների անունների հրապարակմամբ մեկնարկել է այսպես կոչված Նոբելյան շաբաթը։ Հոկտեմբերի 6-ին հայտնի կդառնան ֆիզիկայի, հոկտեմբերի 7-ին՝ քիմիայի, իսկ հոկտեմբերի 8-ին՝ գրականության Նոբելյան մրցանակակիրների անունները։

Հոկտեմբերի 9-ին Օսլոյում կհայտարարվի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը, իսկ հոկտեմբերի 12-ին՝ Ալֆրեդ Նոբելիմհիշատակին նվիրված տնտեսագիտության մրցանակի դափնեկիրը։ Այդ մրցանակը Շվեդիայի բանկը սահմանել է 1968 թվականին։

2025 թվականին ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է Մերի Բրունկովին, Ֆրեդերիկ Ռամսդելիմ և Շիմոն Սակագուչիին՝ ծայրամասային իմունային հանդուրժողականությանը վերաբերող հայտնագործությունների համար։ Խոսքն իմունային համակարգի՝ աուտոիմուն հիվանդություններից պաշտպանվելու, ինչպես նաև վտանգ չներկայացնող հակածիններին և ալերգեններին չարձագանքելու կարողության մասին է։

Leave a comment