Քաղաքականություն
05.10.2026 | 16:26
Ուկրաինայի հետ սահմանին՝ Մոլդովայի Պալանկա անցակետի մոտ, հոկտեմբերի 5-ի առավոտյան արկ է ընկել։ Այնուհետև այն հարվածել է արգելապատնեշի մոտ կանգնած երթուղային ավտոբուսին և սահմանային հսկողության կետի խցիկին։ Սահմանային ոստիկանության աշխատակիցը թեթև վիրավորում է ստացել, հաղորդում է մոլդովական TV8-ը, որին վկայակոչում է Meduza-ն։
Հաղորդվում է, որ «Պալանկա-Մայակի-Ուդոբնոյե» անցակետը ժամանակավորապես փակվել է։ Տարածքում տրանսպորտային երթևեկությունը դադարեցվել է, իսկ սահմանին ուղևորվող մեքենաներն ուղղորդվում են դեպի «Տուդորա» անցակետ։
Մոլդովական լրատվամիջոցները նշում են, որ այս միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի սահմանամերձ տարածքի ուղղությամբ ռուսական հարվածների ուժեղացման ֆոնին, սակայն չեն հստակեցնում, թե ում կարող էր պատկանել զինամթերքը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի