ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիի դեպքից վիրավորված Անի Ավետիսյանին

Հասարակություն

05.10.2026 | 15:55

ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 5-ին այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և տեսակցել Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին՝ ծանոթանալով նրա բժշկական օգնության և սպասարկման իրավունքի ապահովմանը։

ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 5-ին հերթական այցն են իրականացրել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և տեսակցել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին:

Պաշտպանի ներկայացուցիչները տեղում ծանոթացել են կնոջ բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերին:

Անի Ավետիսյանի և նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվում են ըստ իրավասության։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ հոկտեմբերի 3-ին այցելել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ տեղում ուսումնասիրելու հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի հատելով ՀՀ պետական սահմանը, մտել էր Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո կրակել տան բնակչուհու՝ Անի Ավետիսյանի վրա՝ վիրավորելով նրան։ Մուսաևը դեպքից հետո փախել էր, սակայն ավելի ուշ հայտնաբերվել և ձերբակալվել էր։ Դատարանը նրա նկատմամբ կալանք է կիրառել։

Leave a comment