«Սկզբունք» շարժում է ստեղծվել, պահանջում է Փաշինյանի հեռացումը (PAN.am)

Մի շարք ընդդիմադիր ուժեր հայտարարել են նոր՝ «Սկզբունք» համահայկական քաղաքական շարժման ձևավորման մասին։ Մամուլի ասուլիսի ընթացքում այդ մասին հայտնել է «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը։

Նոր շարժման հիմնադիրների թվում են «Առաջ», «Զարկերակ» և «Նժար» քաղաքական նախաձեռնությունների առաջնորդները, հայտնում է Factor.am-ը:

Իկոնոմովը շարժման ստեղծումը պայմանավորել է Հայաստանում առկա «խոր քաղաքական, իրավական և բարոյական ճգնաժամով»։ Նրա գնահատմամբ՝ գործող իշխանությունները ոչ միայն չեն արտահայտում ժողովրդի կամքը, այլև «ապօրինի հետապնդումներ են իրականացնում ընդդիմության նկատմամբ և հակասահմանադրական արշավ ծավալում Հայ առաքելական եկեղեցու դեմ»։

«Մեր նպատակն է խաղաղ, արժանապատվության հեղափոխության միջոցով հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Շարժումն առաջնորդվելու է ոչ թե մեկ անձի, այլ առաջնորդների թիմի կողմից»,- ասել է Իկոնոմովը՝ կոչ անելով «Հայաստանի և Սփյուռքի հայրենասեր ուժերին միավորվել մեկ բռունցքի մեջ»։

Նորաստեղծ շարժման ներկայացրած ծրագրով իշխանափոխությունից հետո նախատեսվում է առավելագույնը 360 օր ժամկետով ձևավորել ժամանակավոր անցումային կառավարություն։

«Մոտակա երկու ամսվա ընթացքում միավորված ընդդիմության անունից կձևավորվեն և ձեզ կներկայացվեն կառավարության բոլոր անդամների անունները։ Այս կառավարության անդամները կլինեն մեր թիմակիցները՝ ըստ իրենց մասնագիտությունների և հմտությունների։ Անպայման չէ, որ նրանք լինեն առաջնորդների թիմից»,- նշել է Իկոնոմովը։

«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադրի ներկայացմամբ՝ անցումային կառավարության համար նախատեսվել են երեք հիմնական առաջնահերթություններ։

«Կազմակերպել հանրաքվե շարժման մշակած սահմանադրական նախագծի շուրջ, որը հրապարակված է sahmanadrutyun.com կայքում։ Ազատ արձակել քաղբանտարկյալներին և դադարեցնել բոլոր քաղաքական հետապնդումները։ Համակարգային փոփոխություններից անմիջապես հետո կազմակերպել և անցկացնել արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններ»,- ընդգծել է նա։

«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցն ընթերցել է նորաստեղծ «Սկզբունք» համահայկական քաղաքական շարժման հայտարարությունը, որը, ըստ նրա, 1991 թվականից մինչև այսօր Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունների գործունեության քաղաքական գնահատականն է։

Հայտարարության համաձայն՝ Հայաստանի անկախացումից հետո երկրի չորս իշխանություններից որևէ մեկին չի հաջողվել կառուցել այն պետությունը, որի մասին երազել են սերունդները, և բոլորն էլ անուղղելի սխալներ են թույլ տվել։ Հաջողության հասնելու դեպքում շարժումը մտադիր է Հայաստանի առաջին երեք նախագահներին անձեռնմխելիություն տրամադրել՝ քաղաքականությունից վերջնականապես հեռանալու պայմանով։

«Մենք կոչ ենք անում բոլորին թողնել անցյալի և ներկայի վեճերն ու տարաձայնությունները, միավորել ուժերը և սկսել դե ֆակտո պետության կառուցումը։ Մենք չենք կարող փոխել անցյալը, բայց մենք կարող ենք կանխորոշել մեր ապագան»,- ընդգծել է Կարապետյանցը։

Մոտ մեկ ամիս առաջ Արտաշես Իկոնոմովն իր էջում տարածել էր վերոնշյալ կայքի հղումը, որտեղ հրապարակվել է Սահմանադրության նախագծի տարբերակ։ Իկոնոմովը, սակայն, չէր մանրամասնել, թե ով է նախագծի հեղինակը և որտեղից է այն հայտնվել։ Այդ հայտարարությունից երկու ժամ անց ՀՀ արդարադատության նախարարությունը հերքում է տարածել՝ նշելով, որ շրջանառվող տեքստը գերատեսչության մշակած նոր Սահմանադրության նախագիծը չէ։

Leave a comment